Բաժիններ՝

Հարավային Կորեան հանդես է եկել ԿԺԴՀ-ի հետ միջխորհրդարանական բանակցությունների օգտին

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Պակ Բյոն Սոկը հանդես է եկել ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:

«Կորեական թերակղզու տերերը պետք է լինեն Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն: Որպես այդ նպատակին տանող առաջին քայլ ես ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի ներկայացուցչին պաշտոնապես առաջարկում եմ անցկացնել միջկորեական խորհրդարնական բանակցություններ»,- մեջբերում է անում գործակալությունը Կորեայի Հանրապետության Սահմանադրության ընդունման 72-րդ տարեդարձի առթիվ Ազգային ժողովում Պակ Բյոն Սոկի արտասանած ճառից: Ինչպես պարզաբանել է Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակը, ինքը պատրաստ է «բացեիբաց քննարկելու Հարավի եւ Հյուսիսի միջեւ հարաբերությունները ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում»:

Բացի դրանից, Պակ Բյոն Սոկը նշել է, որ կցանկանար ԿԺԴՀ-ի հետ կոնսուլտացիաներ վարել այնպիսի հարցերի շուրջը, ինչպիսիք են համագործակցությունը հիվանդությունների կանխարգելման, առողջապահության, գյուղատնտեսության եւ անտառային պաշարների ոլորտներում, ինչպես նաեւ քննարկել երկու երկրների երկաթուղային ցանցերի միացման գործընթացը:

Հունիսի 16-ին ԿԺԴՀ-ն պայթեցրել է Քեսոնում կապի միջկորեական գրասենյակը՝ հայտարարելով, թե դա հարավկորեական հասարակական կազմակերպությունների կողմից քարոզչական թռուցիկների տարածման պատասխան միջոցն է: Այնուհետեւ ԿԺԴՀ-ի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Կիմգանսանի եւ Քեսոնի շրջան զորքեր ուղարկելու, ավելի վաղ ըստ Սեուլի հետ ձեռք բերված համաձայնության ապառազմականացված գոտու առավել վտանգավոր շրջաններում վերացված պահակետերը վերականգնելու, ինչպես նաեւ Հարավային Կորեայի հետ սահմանի մերձակայքում բոլոր տեսակի զորավարժությունները վերսկսելու պլանների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս