Բաժիններ՝

«Այն պահին, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգը չի կարող սպասարկել քաղաքացիներին՝ այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին». Վարչապետ

«Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ծանր։ Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել, առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնվածության ռեժիմում»,- այս մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ոչ միայն Հայաստանից են նման վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից, քանի որ բազմաթիվ երկրներում, որտեղ թվում էր, թե համավարակի իրավիճակը վերցվել է հսկողության տակ, գալիս են լուրեր, որ նորից համավարակի նոր ալիք է սկսվում։ Ընդհանուր առմամբ այս ամենն ավելի է խտացնում այն պատկերացումը, որն ունեն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։
«Տվյալ վիճակի հաղթահարման մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը։ Մենք տեսնում ենք, որ այս իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում։

Միայն վարչական մեթոդները չեն կարող որևէ արդյունք տալ, եթե Հայաստանում իսկապես վարքագծի զանգվածային փոփոխություններ տեղի չեն ունենում։ Շաբաթ օրը փոքր շրջայց եմ կատարել Երևանի Ավան վարչական շրջանում, մի փոքր դիմակներ եմ բաժանել քաղաքացիներին, անկեղծ, հիմնական խնդիրը, որը տեսնում եմ, այն է, որ քաղաքացիները կարծս թե չեն հավատում իրենց անհատական վարքագծի ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա։ Սա ամենակարևոր խնդիրն է, նույնիսկ ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիների շրջապատում դեռևս չէր արձանագրվել կորոնավիրուսի դեպքեր։ Այսինքն՝ Հայաստանում դեռևս կան մարդիկ, որոնք անձնապես չեն առնչվել խնդրի հետ, սա ավելի է բարդացնում մեր խնդիրը։ Կարծում եմ՝ ճիշտն այն է, որ ոչ թե պետք է սպասենք, որպեսզի անհատապես առնչվենք խնդրի հետ, այլ ի գիտություն ընդունենք այն տեղեկատվությունը, որը կա, այն է, որ այս պահի դրությամբ 491 մարդ մահացել է կորոնավիրուսից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը նաև շեշտեց, որ պետք է շարունակեն քաջալերել քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ամեն տեղ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը։

Նա նաև փոխանցեց, որ այսօր հայկական «Կարմիր խաչի» ընկերությունը Երևանում բացել է ավելի քան 30 կետեր, որտեղ քաղաքացիներին դիմակներ են բաժանում և իրազեկում են համաճարակային իրավիճակի հետ կապված։

Նա հույս հայտնեց, որ կլինեն այլ կազմակերպություններ, որոնք կվերցնեն այդ էստաֆետը՝ քաղաքացիներին դիմակներ կբաժանեն և հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում նրանց կքաջալերեն։

«Մեզանից յուրաքաչյուրի ջանքն ունի վճռական նշանակություն այս իրավիճակը հաղթահարելու գործում։ Իհարկե, ոստիկանությունը շարունակում է վարչական գործողություններ իրականացնել, արդեն մի քանի օր է, ավելի քան 3 հազար արձանագրություններ են կազմվում քաղաքացիների դիմակ չկրելու համար։ Մեր նպատակը որևէ մեկին չտուգանելն է, դրանց մասին բարձրաձայնելով՝ մենք ուզում ենք մեր քաղաքացիներին քաջալերել, որ նրանք դիմակ կրեն, հատկապես, որ դիմակի արդյունավետությունն արդեն միջազգայնորեն ապացուցված փաստ է։

Մենք այսօր վստահ կարող ենք ասել, որ դիմակների որակյալ կրումով, ձեռքերի հաճախակի ախտահանությամբ և սոցիալական հեռավորությամբ կարող ենք այս իրավիճակը հաղթահարել։ Այս ամենի մեջ մենք ունենք ռազմավարական գիծ, այն պահին, երբ մենք տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարող, թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաներում, սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել։

Ընդ որում, կարծում եմ՝ սա մեծ հարված է լինելու մեր տնտեսությանը, իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը, և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն մեխանիզմը, որով մենք կհաղթահարենք իրավիճակը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս