«Արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա». Գագիկ Ծառուկյանի խոսնակ
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ և պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են և ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին և նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին։ Վստահեցնում եմ, որ այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա՝ այդ թվում նաեւ քաղաքական։
Ավելի քան ակնառու է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե նմանօրինակ հրապարակումների պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ»: