Կառավարությունը սկսում է ցորենի արտադրության պիլոտային ծրագիր. պատճառը պարենային անվտանգությունն է

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սկսում են աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված պետական աջակցության պիլոտային ծրագիր։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ծրագիրը և նշեց, որ Հայաստանի այն մարզերում, որտեղ կա աշնանացան ցորենի մշակում, արտադրողականությունը բավականին ցածր է։

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 7 մարզերում գտնվում է ցորենի ցանքատարածությունների 95 տոկոսից ավելին։ Մյուս մարզերը՝ Արարատ, Արմավիր և Վայոց Ձոր, դրանց մեջ չեն մտնում։  Մեկ հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է։ Մենք խոսել ենք Արցախի մեր գործընկերների հետ, այնտեղի համեմատությամբ՝ մենք ունենք էապես ցածր արտադրողականություն»,- տեղեկացրեց  Տիգրան Խաչատրյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են ներկրել ցորենի սերմացու, եթե վստահ լինեն, որ գյուղացիական տնտեսությունների շրջանում նման հետաքրքրվածություն կա։  Մտավախությունը պայմանավորված է  նրանով, որ որակյալ սերմացուն պարենային ցորենի նկատմամբ ունի զգալիորեն ավելի բարձր գին, որը կազմում է 210-220 դրամ։

«Բնական է, որ գյուղացիական տնտեսությունը, որը պետք է ցանքս կատարի և 300 կգ սերմացու պետք է գնի, իր համար պետք է պատասխանի այն հարցին, թե 100-110 դրամ ավելի վճարելով՝ ինչպիսի՞ տնտեսական լրացուցիչ օգուտներ է ստանալու։ Մենք որոշեցինք, որ այս տարի առաջարկելու ենք սուբսիդավորել  շուկայում նման եղանակով առաջարկվող սերմացուն։ Այսինքն՝ գիտենալով, որ այդ սերմացուն 100-120 դրամով ավելի արժեք է ունենալու, առաջարկում ենք սահմանել, որ 1 կգ սերմացուի համար 70 դրամը կվճարի Կառավարությունը, եթե գյուղացիական տնտեսությունը պատրաստ է իր պարենային ցորենը, որը պահել էր՝ որպես սերմացու, վաճառել 100 դրամով, ավելացնել 50 դրամ և վճարել 210 դրամանոց սերմացուի համար»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը։

Նա նաև ընդգծեց, որ ֆինանսական աջակցությունը միանգամից չեն տրամադրելու շահառու գյուղացիական տնտեսությանը, այլ այն պահին, երբ վերջինն անկանխիկ վճարում կկատարի մատակարարի հաշվի վրա, այս պահից սկսած Կառավարությունը նախատեսված 70 դրամ սուբսիդավորման գումարը կփոխանցի մատակարարին։

Վարչապետ Փաշինյանն էլ ևս մեկ անգամ ընդգծեց, որ Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին ոչ թե սերմացու է տրամադրելու, այլ սուբսիդավորելու է սերմացուի ձեռքբերման համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս