Նիկոլը Փաշինյանը միակ մեղավոր է ճանաչելու Ռուսաստանին
«Ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» ասույթը նոր միս ու արյուն ստացավ 2016թ․ հուլիսի վերջին Հայաստանում, երբ մի խումբ տեռորիստ մարդասպաններ, որոնք գրավել էին ՊՊԾ գունդը, սպանել էին ոստիկանների, պատանդներ էին պահել, այդ թվում՝ իրենց օգնության եկած բժիշկներին, թալանել էին բանկոմատ, իշխանություններին հանձնվելիս հանկարծ որոշեցին հայրենասիրական-հակառուսական տեքստեր արտասանել։
Այս հնարքը դուր եկավ Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությունը գրավելուց հետո նա մեկ-երկու պարզունակ դեմարշներ կատարեց Ռուսաստանի դեմ, ասենք՝ Յուրի Խաչատուրովին հետ կանչեց ՀԱՊԿ-ից, ցուցադրաբար չգնաց Երևան ժամանող Պուտինին դիմավորելու, և դրանով իրեն հակառուս հռչակելու պահեստային քաղաքականության տարբերակ հռչակեց ու դրեց դարակում։ Մինչդեռ, իրականում իշխանափոխության ամենասկզբից նա Ռուսաստանից իր լեգիտիմության ճանաչում էր խնդրում։ Ռուսաստանը տվեց իր «դաբրոն», թե ինչի համար, դա քննարկման այլ հարց է։
Այնուհետ պաշտոնավարման ընթացքում ներքին և արտաքին քաղաքականության կոպտագույն սխալների համար Ռուսաստանն անընդհատ մեղմ կամ կոշտ ձևերով նրան իր վերաբերմունքն է արտահայտում։ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը խաբում է իր քաղաքացիներին ղարաբաղյան բանակցությունների բովանդակության մասին, գազի գնի բարձրացումը, բարձրաստիճան հայ մաքսանենգներին Վորոնեժում սիգարետի վաճառքն արգելելը նման քաղաքական ապտակների մի մասն է միայն։
Այս բոլոր մեղադրանքներն անպատասխան են մնացել, կարծում եմ՝ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չունի պատասխան։ Իսկ քաղաքական և կառավարչական սխալները գնալով ահագնանում են, որոնք ուղղելու փոխարեն՝ իշխանությունը նորանոր մեղավորներ է փնտրում։
Վերջին մեղավորը հայ ժողովուրդն էր, որը չի լսում իր վարչապետին ու դիմակներ չի կրում: Ավելին, այս հայ ժողովուրդը դժգոհում է, որ լոքդաունի ժամանակ որևէ սոցիալական զեղչ չի արվում, որ հիվանդները մահանում են տներում, քանի որ նրանք կարող են բուժվել միայն «Պարոն Մահի» ընտրած հիվանդանոցներում, որոնք արդեն լեփ-լեցուն են, որ Նիկոլ Փաշինյանը շաբաթը մի քանի անգամ սահմանադրական հեղաշրջում է անում։ Կարծես թե այս «մեղավորությունը» ժողովրդի վրա դնելու տարբերակն արդեն չի աշխատում, իշխանությունները պետք է իրենց սխալների համար նոր պատասխանատու գտնեն։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կտրել է Հայաստանի կապը աշխարհի հետ, միջազգային որևէ լուրջ գործընկեր չի ցանկանում նրա հետ կարճաժամկետ ծրագրեր վարել, կամ երկարաժակետ հեռանկարներ ունենալ։ Միակ կապն աշխարհի հետ մնացել է Ռուսաստանը, որն իր աշխարհաքաղաքական առաքելության ընկալումից ելնելով՝ շարունակում է աշխատել մեր իշխանությունների հետ։ Միշտ դեմ լինելով Ռուսաստանից խիստ կախմանը՝ չեմ կարող չնկատել, որ այդ կախումը վարվող քաղաքականության հետևանքով այժմ վտանգավոր բազմապատկվել է։
Նկատենք, որ սրան զուգահեռ՝ Հայաստանում բուծվում է տնայնագործական, սողացող հակառուսականություն։ Դրան միջնորդավորված մասնակից են իշխանությունները, ասենք` ռուսական ալիքները եթերից հանելու օրենքով, կամ Եվրոպա գնացող, բայց քվեարկության կոճակները շփոթող պատգամավորներով, տարբեր հ/կ-ներ, որոնք արտաքին քաղաքական ցանկացած սխալի համար պատրաստ են մեղադրել Մոսկվային, իսկ ներքաղաքականի համար՝ կագեբեին, աղանդավորներին, մի խելագար պրոֆեսորի, ինչպես նաև տեռորիստական կազմակերպությունների անդամների, որոնց ազատության մեջ մնալու գրավականն իրենց հակառուսականությունն է:
Այժմ նկատելի է իշխանության միտումը, որն իր սխալների մեղավոր է փորձելու հայտարարել Ռուսաստանին։ Արդեն նշած «շփոթված» պատգամավորների, հ/կ-ների և տեռորիստների բանակին իշխանություններն իրենց «կախարդական փայտիկի» մեկ հարվածով կավելացնեն ֆեյքերին, հեղափոխության աներձագին, Լուլուին, և Օվերտոնի պատուհանն արդեն շատ լայն կբացվի։ Սրան անմիջապես կավելացնեն «հայրենասիրությունը», որը տվյալ դեպքում կնշանակի հակառուսականություն, և կհայտարարեն, որ մեր ճգնաժամային վիճակի համար ոչ Նիկոլն է մեղավոր, ոչ էլ իրենց ցանցառությունը, այլ Ռուսաստանը։
Ռուսաստանին մեղավոր հայտարարելն իշխանությունների վերջին փամփուշտն է, սակայն վտանգն այն է, որ այս փամփուշտը հիմա խոցելու է Հայաստանն ու Արցախը։
Աղասի Ենոքյան