««Բարգավաճը» թող ապացուցի իր անմեղությունն ու իզուր տեղը չվիրավորվի»

168.am-ի հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագիրը՝ իրավական հիմք ունի՞,  թե՞, այնուամենայնիվ, այն քաղաքական պատվեր է, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ քաղաքական պատվեր գոյություն չունի: Գոյություն ունի իրավախախտում, որը ներկայացված է գլխավոր դատախազի կողմից, քանի որ ես իրավաբան չեմ, մեկնաբանության խնդիր չկա, ընդամենը, եթե մարդը գտնում է, որ ինքը ճշմարիտ է, արդար է, թող գնա ապացուցի: Եվ իմ կարծիքով՝ քանի որ հանրապետականներն ավելի շատ են, մեծ կուսակցություն ա, եթե ճիշտը վերցնենք, Հանրապետական կուսակցության մեջ ավելի շատ  երևի դատված կլինեն, քան «Բարգավաճից»: Եվ ինձ թվում է՝ «Բարգավաճից» ոչ մեկը դեռ չի դատվել, սա առաջին փաստն է ընդամենը, որ ուզում են իրենք ապացուցեն իրենց անմեղությունը: Մենք քաղաքական դաշտ չենք տանում, դրա խնդիրը չկա»:

Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակն արդյոք պայմանավորված չէ՞ առաջիկա  նախագահական ընտրություններով, Ա. Աղաբաբյանը պատասխանեց, թե ինքը չի կարծում, որ այդ հանգամանքն առկա է: ««Բարգավաճը» թող  ապացուցի իր անմեղությունը  և իզուր տեղը չվիրավորվի»:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք երեկ ԱԺ-ում Վարդան Օսկանյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես ընդհանրապես իր նկատմամբ վերաբերմունք չունեմ, քանի որ առաջին նիստին, երբ որ նախագահն այցելեց, սա կրկնում եմ, բայց մեկնաբանությամբ, որ ինքը նախ տեղից վեր չկացավ, «Բարգավաճը», ընդդիմությունն ու դիմությունը բոլորը բարձրացան ոտքի, ողջունեցին իրենց նախագահին, իսկ ինքն արհամարհեց նախագահին, իր կուսակցությանը, ընդդիմությանը, դիմությանը՝ բոլորին արհամարհեց: Դա նշանակում է, որ ինքն արհամարհեց ժողովրդի ընտրյալներին, դրա համար ես իր նկատմամբ հարգանք չունեմ»:

Իսկ հաջորդ հարցին, թե՝ հնարավոր համարո՞ւմ եք ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը, ինչի մասին վերջերս շատ է խոսվում է, Ա. Աղաբաբյանը պատասխանեց. «Այ, ես պրագնոզներով չեմ զբաղվում»:

Տեսանյութեր

Լրահոս