Չինաստանն այցագրային սահմանափակումներ կսահմանի առանձին ամերիկացիների նկատմամբ
Չինաստանն այցագրային սահմանափակումների վերաբերյալ որոշում է ընդունել այն ամերիկացիների նկատմամբ, որոնք միջամտում են Հոնկոնգի գործերին: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Ավելի վաղ Վաշինգտոնը համանման պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնյաների նկատմամբ «Հոնկոնգի ինքնավարության եւ մարդու իրավունքների խախտման համար»:
Հարցին, թե ում նկատմամբ են գործելու սահմանափակումները, Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ մարդիկ «իրենք բնազդաբար զգում են»: «Արտաքին բոլոր այն ուժերին դիմակայելու Չինաստանի վճռականությունը, որոնք միջամտում են Հոնկոնգի գործերին, մնում է անսասան: Այսպես կոչված պատժամիջոցների միջոցով Չինաստանին խանգարել Հոնկոնգում ազգային անվտանգության վերաբերյալ օրենք ընդունելու ԱՄՆ-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,-ընդգծել է Չժաո Լիցզյանը:
Մեկ տարի առաջ Հոնկոնգում բողոքի ակցիաներ են սկսվել արտահանձնման մասին օրինագծի դեմ, որը տարածաշրջանի բնակիչներն ընդունել են որպես իրենց ինքնավարության խախտում: Ցույցերի ֆոնին 2019 թվականի հոկտեմբերին փաստաթուղթն ամբողջությամբ ետ են կանչել:
Այժմ երկրի իշխանությունները նոր օրինագիծ են մշակում ազգային անվտանգության վերաբերյալ, որն արգելք է նախատեսում քայքայիչ, անջատողական, ահաբեկչական գործունեության եւ օտարերկրացիների հետ նախահամաձայնության գալու համար: Հանրահավաքները շարունակվում են, ԱՄՆ-ը Պեկինին մեղադրում է ինքնավարության նկատմամբ ոտնձգության համար:
Չինաստանի իշխանությունները քանիցս Վաշինգտոնին կոչ են արել չմիջամտել երկրի բացառապես ներքին գործերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: