Գնահատականները գնալով վատանում են. ի՞նչ է սպասվում մեզ ապագայում

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականները Հայաստանի տնտեսության վերաբերյալ գնալով ավելի ու ավելի հոռետեսական են դառնում։ Եթե մինչև վերջերս նրանց մի մասը դեռ աճի որոշակի ակնկալիք ուներ, ապա հիմա նման հեռանկար այլևս չկա։

Հայաստանի տնտեսական աճի գնահատականները կրկին վերանայել է Համաշխարհային բանկը։ Սա արդեն այս տարվա ցուցանիշների երրորդ վերանայումն է։

Եթե համավարակի սկզբում ՀԲ-ն համարում էր, որ Հայաստանի տնտեսությունը թեկուզ ցածր, բայց աճ կարձանագրի, ապա այժմ արդեն չկա նման հավանականություն։ ՀԲ-ն վերստին նվազեցրել է աճի սպասումները։ Հիմա արդեն ոչ միայն աճ չի սպասվում, այլև կանխատեսվում է 2,8 տոկոս անկում։

Նշենք, որ մինչ այս ակնկալվում էր 1,7 տոկոս աճ։

Ընդամենը 2-2,5 ամսվա տարբերությամբ Համաշխարհային բանկը կտրուկ իջեցրել է իր գնահատականը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե այդ ընթացքում ինչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսության մեջ։

2 ամիս անընդմեջ զարգացումները բացասական են։ Ընդ որում, եթե մարտին անկումը շատ մեծ չէր, ապա արդեն ապրիլին տնտեսությունը հայտնվեց կաթվածահար վիճակում։ Գրանցվեց ավելի քան 17 տոկոս անկում։

Արդյունքում՝ 4 ամսվա տվյալներով, տնտեսությունը մտավ անկման շրջան։ Գրեթե բոլոր ոլորտներում զարգացումները բացասական են։ Բայց որ ավելի վատ է, իրավիճակը առայժմ կայունանալու հիմքեր չի տալիս։ Եվ դա կապված է առաջին հերթին համավարակի տարածման հետ։

Համավարակը Հայաստանում ոչ միայն չի նահանջում, այլև շարունակում է ընդլայնվել՝ լուրջ վնասներ հասցնելով ոչ միայն՝ հասարակության առողջությանը, այլև՝ տնտեսությանը։ Թեև կառավարությունը հակված չէ վերստին գնալ տնտեսության տոտալ փակման, այնուհանդերձ ստիպված է ժամանակ առ ժամանակ կանգնեցնել այս կամ այն ընկերության գործունեությունը։

Նման ընկերությունների թիվը հասնում է հազարների։ Ու դա իր անմիջական ազդեցությունն է ունենում տնտեսության զարգացումների վրա։

Դեռ չհաշված, որ առանձին ոլորտների գործունեությունն ընդհանրապես հարցականի տակ է։ Խոսքը, մասնավորապես, զբոսաշրջության ու դրա հետ կապված տնտեսության հարակից ճյուղերի մասին է։

Համավարակի այն տեմպը, որը կա Հայաստանում, հիմք չի տալիս մտածելու, որ մոտակա ժամանակահատվածում հնարավոր կլինի դուրս գալ այս իրավիճակից։

Տնտեսության մեջ տեղի ունեցող այս գործընթացները խնդիրներ են ստեղծել նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով։ Ապրիլ-մայիսին արձանագրվեց հարկային մուտքերի բավական ինտենսիվ անկում։

Բյուջեի բացը լրացնելու համար կառավարությունը ստիպված է գնալ նոր պարտքային պարտավորությունների ստանձնման։ Մի բան, ինչն էլ ծանրացնում է պետական պարտքի բեռը։

Վատանում է երկրի վճարային հաշվեկշիռը։

Սրանք գործոններ են, որոնք ազդում են միջազգային կազմակերպությունների գնահատականների վրա։ Զարմանալի չէ, որ ոչ վաղ անցյալում իր կանխատեսումները վերանայեց և նվազեցրեց նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որը վերջին 2 տարիներին միշտ էլ առանձնացել է Հայաստանի իշխանությունների նկատմամբ ցուցաբերած իր խիստ բարյացակամ վերաբերմունքով։ Սակայն այժմ նույնիսկ դա չի փրկում։

Եվրոպական բանկի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսության անկումն ավելի մեծ կլինի, քան կարծում է Համաշխարհային բանկը։ ՎԶԵԲ-ն այն գնահատել է 3,5 տոկոս՝ բացասական նշանով։

«Կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ անորոշությունը, պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների փոփոխականությունն ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի նվազման, և անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման միջոցով»,- ասվում էր Եվրոպական բանկի վերջին զեկույցում։

Բանկի փորձագետների կանխատեսմամբ՝ սոցիալական զսպման երկարատև միջոցառումներն ու տեղաշարժի սահմանափակումները կվնասեն Հայաստանի զբոսաշրջությանը։ Ըստ այդմ՝ «Մենք կանխատեսում ենք, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 3,5 տոկոսով, իսկ 2021 թվականին կվերականգնվի 5,5 տոկոսով»։

Հայաստանի տնտեսության բացասական զարգացումների վերաբերյալ իր գնահատականներն ավելի վաղ հայտնել էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։ Դրանց համաձայն՝ սպասվում է 1,5 տոկոսանոց անկում։

ԱՄՀ-ն գնահատել էր նաև աշխատաշուկայում սպասվող փոփոխությունները՝ կանխատեսելով գործազրկության ավելացում մինչև 19 տոկոս։

Այս գնահատականները հնչեցվել են 2-3 ամիս առաջ։ Դժվար է ասել, թե դրանք ինչպիսին կլինեին, եթե արվեին հիմա։ Ամեն դեպքում, այս ընթացքում շատ բան է փոխվել։ Ընդ որում, դեպի վատը։ Այդ են վկայում նաև այն գնահատականները, որոնք վերջին շրջանում Հայաստանի տնտեսության սպասումների վերաբերյալ ներկայացնում են միջազգային կազմակերպությունները։

Եթե առաջիկայում իրավիճակը չփոխվի, ապա պետք է ենթադրել, որ ԱՄՀ-ն ևս ստիպված կլինի վերագնահատել իր նախորդ կանխատեսումները և նվազեցնել Հայաստանի տնտեսության աճի ակնկալիքները։

Առայժմ իր գնահատականը չի փոխել Կենտրոնական բանկը։ Վերջին կանխատեսումը, որը ներկայացվել է առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության մեջ՝ 0,7 տոկոս է, այն էլ՝ դրական նշանով։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ ԿԲ-ն հիմա էլ է այդպես մտածում։

Մոտ օրերս Կենտրոնական բանկը կհրապարակի իր հերթական գնահատականը՝ Հայաստանի տնտեսության մեջ սպասվող զարգացումների վերաբերյալ։ Ենթադրվում է, որ այս անգամ այն կլինի բացասական։ Այլ հարց է, թե ԿԲ-ն մինչև ուր կիջեցնի տնտեսության անկումը։

Հայտնի է, որ Հայաստանի տնտեսության աճին այլևս դադարել է հավատալ նաև կառավարությունը, որն ընդամենը 1 տարի առաջ տնտեսական հեղափոխություն ու թռիչքային աճեր էր խոստանում հասարակությանը։ Վերագնահատելով նախկին կանխատեսումները՝ մայիսին կառավարությունը հայտարարեց նախատեսված 4,9 տոկոս աճի փոխարեն՝ 2 տոկոսանոց անկման մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս