Բաժիններ՝

Ջերմություն ունեցող դիմորդները չեն մասնակցի միասնական քննություններին. ԿԳՄՍ նախարար

«Այս տարի դիմորդների թիվը գերազանցել է 14.000-ը». այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ սա 25 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: 2019-ին ունեցել ենք 10.000 դիմորդ:  Նախարարը նշեց, որ չնայած իրենց գործընկերները համոզում էին, որ, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գերադասելի է միասնական քննություններ չանցկացնել անգամ մեկ առարկայից քննություն հանձնելու պարագայում,  այդուամենայնիվ, նախարարը որոշել է՝   քննությունները կկայանան հուլիսի 2-8-ը: Իսկ  դիմորդներին մուտքերի մոտ ջերմաչափելու են:

«Եթե ջերմությունը բարձր լինի, այստեղ շատ խիստ ցուցումներ կան, քննության մասնակցությունը հնարավոր չէ: Արձանագրություն է կազմվելու, որ դուք չեք կարողացել մասնակցել քննությանը: Շատ խիստ է լինելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ այն դիմորդները, որոնք չեն մասնակցի քննությանը, կարող են դիմել հեռակա ուսուցման համար: Իսկ այսօրվա ուղիղ եթերում Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր , որ բացառություն կկազմեն միայն այն դիմորդները, որոնք մշտապես ջերմության հետ կապված խնդիրներ ունեն և այդ մասին թուղթ կբերեն պոլիկլինիկայից:

«Մեզ շատ են դիմում, որ որոշ մեր քաղաքացիներ ունեն հիվանդություն, երբ մշտապես բարձր ջերմություն ունեն: Դա պետք է արձանագրվի:  Մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն ունեցող դիմորդներին խնդրում ենք քննության օրը քննական կենտրոնի ղեկավարին ներկայացնել բժշկական հսկողության ամբուլատոր քարտի համապատասխան հիմնավորմամբ բնօրինակ քաղվածք»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը զգուշացրեց նաև կուտակումների արգելքի մասին, որպեսզի մեզանում վաղուց գործող սովորության համաձայն՝ դիմորդներն ուղեկցողներով չգնան քննության՝ Ոստիկանությունը  տեղերում խստագույնս հետևելու է կարգի պահպանմանը:

«Պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոն գնալուց:  Ոստիկանությունը շատ խիստ միջոցառումներ է ձեռնարկելու՝ կուտակումներ թույլ չտալու համար: Դիմորդը պետք է քննական կենտրոն ներկայանա առավելագույնը մեկ ուղեկցորդով, եթե հնարավորություն լինի, միայնակ գա, ավելի լավ կլինի:  Քննական կենտրոնների մոտ ծնողներ չեն լինելու, մեքենաներ չեն կայանելու»:

Նախարարը նաև իրազեկեց, որ ծնողները պարբերաբար փոքր խմբերով հնարավորություն կստանան քննական կենտրոններում տեղադրված հեռուստացույցներով հետևելու, թե ի՞նչ է կատարվում ներսում:

Ինչ վերաբերում է Հայաստանում չբնակվող, բայց այստեղ բուհ դիմած մեր հայրենակիցներին,  ինչի մասին քննարկումները նոր են ավարտվել, ԿԳՄՍ նախարարն ասաց.

«Մենք այսօր կարողացանք վերջնական համաձայնության գալ և ապահովել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների, որոնք նախապես գրանցվել են՝ շուրջ 100 հոգի, դիմորդների մասնակցությունը քննություններին: Նրանց մուտքը ՀՀ կթույլատրվի, ինչպես նաև մեր քաղաքացիների»:

Դիմորդներին բաժանվելու են նախապես ախտահանված գրիչներ: Ջերմաչափվելու է նաև տեղում աշխատող անձնակազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս