«Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի մի մասը մեկուսացվել է. վարակված կինը հղի է և բուժվում է Երևանում». համայնքապետ
«Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, այդ պատճառով էլ աշխատակազմի մեծ մասն այս պահին մեկուսացվել է, մեկուսացվել եմ նաև ես։ Աշխատակազմից մի քանի հոգի կան, որոնք այս պահին համայնքապետարանում հերթապահում են, մենք էլ հեռավար ենք աշխատում, չնայած որ մեկուսացված ենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Գյուլագարակի համայնքապետարանը հայտարարել էր, որ համայնքապետարանում կորոնավիրուսով մեկ վարակիր կա, որի հետևանքով մեկուսացվել են այն աշխատակիցները, որոնք նրա հետ շփում են ունեցել։
Ըստ Մ. Գևորգյանի, այս պահին ընդհանուր իրավիճակը նորմալ է, փորձում են առցանց մասնակցել համայնքապետարանի աշխատանքներին, մինչև դուրս կգան մեկուսացումից։
Հարցին՝ առհասարակ համայնքում կորոնավիրուսով վարակվածներ շա՞տ կան, համայնքապետը պատասխանեց, որ այդ առումով այս պահին որևէ բան չի կարող ասել, սակայն համայնքապետարանի այն աշխատակիցը, որի մոտ հայտնաբերվել է վարակը՝ բուժումը ստանում է Երևանում, նա հղի է։
«Մինչև իմ մեկուսանալը տեսնում էի, որ համայնքում մարդիկ դիմակ կրում էին, ճիշտ է, ոչ բոլորը, բայց կրում էին, այսինքն՝ մարդկանց մեծ մասը կրում է»,- եզրափակեց նա։