«Ես դեռ աշխատանքի չեմ գնացել և ԲՀԿ-ի դիմումը չեմ տեսել». Ալվինա Գյուլումյան
Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձակուրդում է, և նրան փոխարինում է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
168.am-ը Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեց, թե երեկ ԲՀԿ-ի ուղարկած դիմումը ե՞րբ են քննելու և ե՞րբ են վարույթ ընդունելու։
«Ես դեռ աշխատանքի չեմ գնացել և ԲՀԿ-ի դիմումը չեմ տեսել։ Մինչ դիմումը վարույթ ընդունելը` նախապատրաստում է պետք, նախապատրաստման ժամկետը մինչև 15 օր է։ Բայց ամեն դեպքում ես այդ դիմումը պետք է նայեմ, եկեք հեռախոսով շատ բան չասեմ»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիմումն ուղարկել են ՍԴ։
Հարցին՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն, հետևաբար՝ այսօր ինչպե՞ս է գնալու աշխատանքի, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց.
«Այո գրել էր, բան չունեմ ասելու, բայց եկեք Ձեզ հեռախոսով ոչինչ չասեմ այս պահին, շնորհակալություն»։