«Հրայր Թովմասյանն արձակուրդում է, նրան փոխարինում է Ալվինա Գյուլումյանը». ՍԴ աշխատակազմի ղեկավար
«Հրայր Թովմասյանը դեռ Սահմանադրական դատարան չի եկել, չի էլ գալու, քանի որ գտնում է արձակուրդում։ Պարոն Թոխյանին և տիկին Գյուլումյանին դեռ չեմ տեսել, չգիտեմ՝ գալո՞ւ են, թե՞ ոչ։ Դատավորներն իրենք են իրենց աշխատաժամանակը պլանավորում, այսօր էլ դատական կամ աշխատանքային նիստ ՍԴ-ում չունենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և մյուս երեք դատավորները եկե՞լ են աշխատանքի։
Հարցին՝ ԲՀԿ-ի կողմից երեկ ներկայացրած դիմումն արդեն վարույթ ընդունվե՞լ է, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ դիմումն արդեն ստացել են, սակայն այն միանգամից վարույթ չի ընդունվի:
«Դիմումը պետք է ենթարկվի նախնական ուսումնասիրության, որից հետո դատարանը որոշում է՝ այն վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ, մենք դիմումը ստացել ենք։ Ժամկետների առումով ոչինչ չեմ կարող ասել, տարբեր գործեր, տարբեր ժամկետներ ունեն, պատգամավորների դիմումի քննության ժամկետը հստակ չեմ հիշում։ Հիմա քանի որ պարոն Թովմասյանն արձակուրդում է, նրան փոխարինում է Ալվինա Գյուլումյանը, որը այդ դիմումը պետք է մակագրի որևէ դատավորի կամ մի քանի դատավորների, նրանք նախնական ուսումնասիրություն իրականացնեն, որից հետո դատարանն աշխատանքային կարգով կորոշի՝ այն վարույթ ընդունի՞, թե՞ ոչ»,- հավելեց Է. Ղազարյանը։
Էդգար Ղազարյանից նաև հետաքրքրվեցինք, թե երեկ ինչո՞ւ էին իրավապահներն ուզում իրեն բերման ենթարկել, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ ամեն ինչ արդեն անցել է, հետևաբար՝ կարիք չի տեսնում դրան կրկին անդրադառնալու։
Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիմում են ներկայացրել ՍԴ։