«Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի ներկայացումները կանցկացվեն բացօթյա հարթակում
«Լինե´լ. սա խնդիր չէ» «To BE! That’s not a question!». սա «Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, որին այս օրերին հաճախ են հարցնում փառատոնի չեղարկման, հետաձգման մասին՝ կապված կորոնավիրուսի հետ, ինչին ի պատասխան, փառատոնի նախագահն արձագանքում է․ «Լինե´լ. սա խնդիր չէ»։
Այս տարի փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Ղուկասյանը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը երկրում այդ օրերին մասամբ կբարելավվի։
Փառատոնն այս տարի թատերասեր հանրությանը կներկայանա նոր ձևաչափով և բազում անակնկալներով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փակ տարածքներում (indoor) ներկայացումներ տեղի չեն ունենա:
Փառատոնի նախագահը շեշտել է, որ խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, գծանշումներ, դիմակ ու անհրաժեշտ այլ միջոցներ:
«Հայ ֆեստ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերում. «Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն»։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին: Նման անակնկալներ են սպասում ոչ միայն երևանյան, այլև մարզային հանդիսատեսին։ «Հայ ֆեստը» կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում և այլ մարզերում։
Թատերական այդ օրերին գերհագեցած կլինի նաև փառատոնի օնլայն հարթակը: Կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում անցկացվող ճանաչված թատերական փառատոնների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև: Բավական է միայն թվարկել նախնական համաձայնություն տված մասնակիցների անունները` «ТЕАТР» ամսագրի գլխավոր խմբագիր, NET միջազգային փառատոնի արտ-տնօրեն Մարինա Դավիդովա (ՌԴ), «Մանչեսթր» թատերական փառատոնի տնօրեն Ջոն ՄակԳրաֆ (Մեծ Բրիտանիա), հեղինակավոր բեմադրիչներ Իո Սթրոմգրեն (Նորվեգիա), Անտոնիո Արաուժո (Բրազիլիա), Թոմաս Օստերմայեր (Գերմանիա) և ուրիշներ:
«Հայ ֆեստ» 18-րդ թատերական փառատոնը համատեղ նախագծեր կիրականացնի MitSP (Բրազիլիա), Almagro (Իսպանիա), FITEI (Պորտուգալիա), Dublin (Իռլանդիա) և այլ հանրաճանաչ միջազգային թատերական փառատոնների հետ։ Լայվ-սթրիմ ձեւաչափում և մասնակից երկրների հետ սինքրոն կցուցադրվեն փառատոնի տարբեր տարիների իրադարձային ներկայացումները՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական արտադրության։