Երեկ եղան տեսարաններ, որոնք իշխանությունները խոստացել էին, թե «նոր Հայաստանում» չեն լինելու. Քաղաքագետ

Երեկ, երբ Ազգային ժողովում քննվում էր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդության վերաբերյալ հարցը, ոստիկանական մեծաթիվ ուժեր ԱԺ առջևից բերման էին ենթարկում Գագիկ Ծառուկյանի աջակիցներին:

Տեսարանն ավելի կոշտ դրվագներով շարունակվեց նաև ԱԱԾ շենքի առջև, որտեղ շարունակվում էր ԲՀԿ առաջնորդի հարցաքննությունը, ոստիկանական գործողություններից տուժեցին անգամ լրագրողները:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով, թեև մեծաթիվ չէին փողոց դուրս եկած մասսաները, այդուհանդերձ, բավականին պատկառելի ուժային ռեսուրսներ էին ներգրավված:

«Բայց մենք տեսանք, որ ուժային կառույցները բավականին լուրջ ջանքեր թափեցին, լուրջ ճիգեր գործադրեցին, որպեսզի կարողանան իրավիճակը քիչ թե շատ վերահսկողության տակ պահել՝ այդ ընթացքում բավականին լուրջ նեգատիվ իմիջային կորուստներ կրելով: Գործը հասավ նույնիսկ ընդհուպ լրագրողների, հայտնի դեմքերի հետ բախման, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ եղան տեսարաններ, որոնք իշխանությունները խոստացել էին, թե «նոր Հայաստանում» չեն լինելու. «Այսինքն՝ տեղի ունեցածն այդքան էլ թավշյա չէր: Ի տարբերություն 2018 թ. ապրիլ-մայիսի ոստիկանության՝ այս ոստիկանությունը, համենայնդեպս, այս գործողությունների ժամանակ այդքան էլ թավշյա չէր. «տարօրինակ» բան է»:

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը ոստիկանական նման ուժեր կենտրոնացրեց, ի՞նչ վտանգներ է տեսնում, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.

«Ուժային ռեսուրսներ սկսեցին ավելի շատ օգտագործվել այն ժամանակ, երբ հասկանալի դարձավ, որ հանրային աջակցությունը զգալիորեն նվազել է, ինչը նաև երևում է Նիկոլ Փաշինյանի ելույթներից, որովհետև ինքն անընդհատ բողոքում է, որ նախկինում ինքը խոսքով հեղափոխություն էր արել, հիմա, ըստ էության, իր խոսքը չի ընկալվում՝ կորոնավիրուսի հետ կապված:

Սա նշանակում է՝ հասարակության հանդեպ վերահսկողությունը բավականին թուլացել է: Այս պարագայում, պարզ է, որ, եթե նաև նշմարվում են քաղաքական որոշակի փոփոխություններ՝ այն իմաստով, որ ընդդիմադիր դաշտում կարծես թե կոնսոլիդացիայի տենդենցներ են նշմարվում, ռեսուրսը դառնում է արդեն ուժայինը»:

Ի՞նչ կլինի, եթե այսօր դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացնի, արդյոք հնարավոր կլինի՞ ժողովրդի ինքնաբուխ հավաքները կանխել՝ հարցին ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ «ինքնաբուխ»-ի հեռանկարին չի հավատում՝ հաշվի առնելով թե համաշխարհային, թե տեղական փորձը: Իսկ առաջնորդվող հավաքի դեպքում, ըստ նրա, շատ բան կախված է քանակից.

«Զանգվածային ակցիաների ժամանակ շատ բան կախված է լինում փողոց դուրս եկած մարդկանց քանակից: Այդ քանակը շատ բան է փոխում, այդ քանակը տրամադրություն է փոխում թե՛ կողմնակիցների մոտ, թե՛ իշխանության մոտ, թե ուժային կառույցներում:

Երեկ «Բարգավաճ Հայաստանն» իր ելույթներում անընդհատ ակնարկում էր, որ, եթե «Ծառուկյանին նեղացնեք», բոլոր հիմնարկների աշխատակիցները դուրս կգան փողոց: Եթե համարենք, որ աշխատողները միջինում 20.000 են, ընտանիքներով՝ ավելի շատ են, դա պատկառելի թիվ է»:

Ծառուկյանին կալանավորելուց հետո ի՞նչ զարգացումներ կարող են լինել՝ հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։

«Եթե Ծառուկյանը կալանավորվում է, ապա դա նշանակում է, որ ԲՀԿ-ն պետք է վերակառուցվի, ամեն դեպքում, հասկանալի է, որ այդ կուսակցությունը Ծառուկյանով և առանց Ծառուկյանի՝ երկու տարբեր կուսակցություններ են: Բայց սա չի նշանակում, որ այդ կուսակցությունն ավելի կթուլանա. շատ հնարավոր է, որ ավելի անկաշկանդ կարող է լինել:

ԲՀԿ-ն միշտ խոցելի էր համարվում, ու միշտ այդ խոցելիությունն օրվա իշխանությունները փորձում էին օգտագործել՝ հաշվի առնելով Ծառուկյանի բիզնեսային ֆակտորը: Հիմա, եթե այլևս կորցնելու բան չկա, Ծառուկյանի խոցելիության այդ ֆակտորն օգտագործել են մինչև վերջ, ռեսուրսներն էլ մնում են, այդ դեպքում գուցե ավելի ազատ գործեն»,- պատասխանեց Վ.Հակոբյանը:

Իսկ ներքաղաքական առումով քաղաքագետը նկատեց, որ արդեն իսկ կոնսոլիդացիոն տենդենցներ են նկատվում, և մի քանի կուսակցություններ սկսել են հայտարարությունների մակարդակով, իրար աջակցելու մակարդակով համագործակցել:

Ի պատասխան հարցին, թե երբ հայտարարությունների մակարդակից կանցնեն գործերի, նա նկատեց՝ քաղաքական ուժերը սկսում են հայտարարություններով:

«Երբ արդեն ունենում են հնարավորություն, անցնում են ինչ-որ գործողությունների:

Դա պրոցես է՝ արագ կլինի, դանդաղ կլինի՝ չգիտեմ. շատ բան կախված է նաև ֆոնից,  օրինակ, ինչքանով իշխանությունները կկարողանան վերահսկողության տակ վերցնել մի քանի խնդիր»:

Այդ խնդիրների թվում քաղաքագետն առանձնացրեց հատկապես համավարակի կառավարումը և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումը՝ նկատելով, որ, եթե վիրուսի պարագայում սպասում են բնական իմունիզացիայի՝ հնարավորինս քիչ մարդկային կորուստներով, ապա սոցիալ-տնտեսական խնդիրներն իրենք իրենց չեն կարգավորվելու:

«Ճգնաժամային իրավիճակում, երբ իշխանությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը, այդ ժամանակ նաև ընդդիմության շանսերն են ավելանում. քաղաքական պայքարի օրենքն է:

Ցանկացած ընդդիմություն փորձում է իշխանության գալ և ցանկացած ընդդիմություն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ պրոցեսը, որը հիմնականում սահմանադրական է, դառնա արտահերթ պրոցես»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս