«Իրենք իրենց կարող են անվանել այլմոլոլորակայիններ կամ սրբեր՝ մեկ է, քաղաքական պայքարն ընթանալու է». Լարիսա Ալավերդյան
«Այն, որ այս գործընթացը քաղաքական է, կարծում եմ՝ հենց առաջին հերթին՝ հասկանում է իշխող խումբը և դրա պատգամավորները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող աղմկահարույց իրադարձություններին՝ նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա նկատեց՝ նման նախադեպեր էլի են եղել.
«Եվ միշտ էլ բոլորը գիտեն՝ եթե կա քաղաքական նպատակ, ապա իրավաբանական տեխնիկայի հարց է՝ ձևակերպել և հիմնավորել իրավաբանական առումով: Չի եղել որևէ քաղաքական հետապնդում, որը հնարավոր չլիներ հիմնավորել «որևէ իրավաբանական ձևակերպումով»: Դրա համար այսօր ես, օրինակ, չեմ կարող ասել՝ արդյո՞ք կապացուցվի կամ չի ապացուցվի այս կամ այն դրվագը, բայց, որ գործընթացն ի սկզբանե քաղաքական է, դա պետք է հստակեցնենք»:
Իրավապաշտպանին մտահոգում են այս օրերին բողոքող քաղաքացիների հանդեպ ոստիկանական գործողությունները.
««Իմ քայլ»-ականներն են ուզում էսպիսի մի հիմնավորում մտցնել, որ, եթե իշխանափոխություն է եղել, որն իրենք անվանում են հեղափոխություն, չի կարող լինել այլևս քաղաքական պայքար իշխանության համար: Այն, ինչոր տեղի է ունենում, տեղի է ունենում մի մեծ մոլորությամբ. այն պահից, երբ իշխանափոխությունը տեղի է ունեցել, հենց օրվա վարչապետից սկսած՝ բոլոր իր թիմակիցներով, երբ մեկը բողոքում է կամ դեմ է իշխանությանը, իրենք հայտարարում են դավաճան, հակահեղափոխական. դա աբսուրդ է, և այդ աբսուրդից է գալիս մնացածը,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով իշխող ուժին՝ իշխանության համար միշտ լինելու են պայքարող քաղաքական ուժեր,- Իրենք իրենց կարող են անվանել այլմոլոլորակայիններ կամ սրբեր՝ մեկ է, քաղաքական պայքարն ընթանալու է»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանին վրդովվեցրել են հատկապես բողոքողների հանդեպ և երեկ՝ նաև լրագրողների հանդեպ ոստիկանության գործածած մեթոդները.
«Տպավորություն է, որ ոստիկանությունը գործ է ունենում թշնամիների հետ: Եվս մեկ դիտարկում, որը գալիս է էլի այդ խմբից, որն իրենք կոչում են «Իմ քայլը». Իրենք ամբողջովին խեղաթյուրելով՝ կրկնում են «Օրենքի առջև բոլորը հավասար են» սկզբունքը: Երբ անդրադառնում են հարցին, թե ինչպե՞ս կարելի էր այդքան կոպիտ ձևով վերաբերվել պատգամավորներին, այն էլ՝ կին պատգամավորներին, ի պատասխան՝ հնչում է, որ բոլորն օրենքի առջև հավասար են. այո, հավասար են, որ իրենց արժանապատվությունը որևէ մեկը չնսեմացնի, այլ ոչ թե հավասար են, որ ցանկացածի արժանապատվությունը կարելի է նսեմացնել, ասֆալտով քարշ տալ: Այս հենքը, որն իրենք օգտագործում են այդ անձանց դեմ կատարվող գործողությունները պաշտպանելու համար, ամբողջովին խեղաթյուրում է մարդու իրավունքների կոնցեպտը։ Հո չե՞ն ասել, որ բոլորը հավասար են, ու բոլորին կարելի է ասֆալտով քարշ տալ։ Խիստ հակառակն են ասել, ասել են՝ բոլորը հավասար են, և որևէ մեկին չի կարելի քարշ տալ ասֆալտով (կոպիտ ձևակերպմամբ) և որևէ մեկի արժանապատվությունը չի կարելի նսեմացնել»:
Ըստ իրավապաշտպանի՝ կատարվածը մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային ոտնահարում է:
«Սրանով իրենք ոչ միայն ոտնահարում են կոնկրետ մարդկանց իրավունքները, այլ պարզապես խեղաթյուրում են մարդու իրավունքների թե՛տեսությունը, թե՛ օրենքով ամրագրված նորմերը»,- եզրափակեց խոսքը Լարիսա Ալավերդյանը։