«Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո». Լիլիթ Մակունցը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու մասին
Այսօր օրվա ավարտին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ էր գումարել, որի ընթացքում քննարկվել է վաղը կայանալիք ԱԺ քառօրյայի օրակարգը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անդրադարձ է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գլխավոր դատախազի կողմից ստացել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։
«Իհարկե, նաև անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում, բայց մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո՝ փակ գաղտնի քվերակությամբ»,-ասաց Լիլիթ Մակունցը:
Լրագրողի հարցին՝ որոշումը միաձա՞յն է ընդունվել, թե՞ եղել են տարաձայնություններ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լ. Մակունցը պատասխանեց, որ չի ցանկանում մանրամասներ հայտնել և իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը:
Դեռ երեկ, երբ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից հետո, հարցաքննության ընթացքում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գլխավոր դատախազը պատրաստվում է նման միջնորդություն ներկայացնել ԲՀԿ պատգամավորներն, ինչպես նաև հենց Գագիկ Ծառուկյանը պնդում էին, որ տեղի ունեցածը քաղաքական գործընթաց է:
Այս պնդմանը Լիլիթ Մակունցն արձագանքեց.
«Այն միջնորդությունը, որը ներկայացրել է Դատախազությունը, բացառապես իրավական հիմքի վրա ներկայացված միջնոդրություն է, և հարցը պետք է դիտարկել հենց այդ տիրույթում, և որևէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ, պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին տալ քաղաքաան երանգներ»:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ իր դեմ հարուցված բոլոր գործերը հորինված են: Ի պատասխան Գ. Ծառուկյանի աս պնդման՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ պնդման հետ կապված հարցերի հասցեատերն իրենք չեն:
«Մենք՝ որպես պատգամավորներ, այն մարմինը չենք, որը քննում է գործեր, իրավապահ մարմինները պետք է այդ գործերը քննեն, բոլոր փաստարկները, հիմքերը համադրելու արդյունքում տան վճիռ: Մենք այդ առումով ճիշտ հասցեատերը չենք»,-ասաց նա:
Լրագրողները Լիլիթ Մակունցին տվեցին նաև վերջին օրերին ամենաքննարկված հարցերից մեկը՝ երբ երկու տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր էր ստորագրում, «Իմ քայլ»-ում չգիտեի՞ն, որ Ծառուկյանն ունի լիցենզիաներ չունեցող կազինոներ, ընտրակեղծարար է, ինչո՞ւ էին ստորագրում այդ հուշագիրը, երկու տարի առաջ ինչո՞ւ չէին հիշում և միայն հիմա, երբ ԲՀԿ ղեկավարը սկսել է իշխող ուժի դեմ քաղաքական հայտարարություններ անել, այս ամենը հանել են ջրի երես:
«Այդ հուշագիրը, որի մասին խոսում եք, ենթադրում եմ՝ նկատի ունեք վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, այդ հանդիպումը եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համաձայնության մասին, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր պատրաստակամությունը նախ ընդհանրապես սատարելու հեղափոխությունը մինչև վերջ, այդ թվում խորհրդարանական ընտրություններով մինչև վերջ հասցնելուն, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն»,-ասաց Մակունցը: