Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում չի՞ կայանա Մոսկվայում․ մեկնաբանում է դեսպան Կոպիրկինը
«Հայաստանում կբացվի 6 ընտրատեղամաս»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիայի մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում քանի՞ ընտրատեղամաս է բացվելու ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար։
Դեսպան Կոպիրկինն ասաց, որ պլանավորվում է բացել վեց ընտրատեղամաս։ Բայց նա նաև նշեց, որ այդ ամենն արվելու է ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցմամբ համավարակային անվտանգության բոլոր կանոնների խստագույն պահպանությամբ։
Ինչ վերաբերում է Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի մանրամասներին և օրակարգին՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ այս պահի դրությամբ կա հանդիսավոր միջոցառումների ծրագիրը, նվիրված մայիսյան հաղթանակին։
«Իսկ ինչ վերաբերում է մյուս դետալներին, դրանք դեռ մշակվում են»,- ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է Փաշինյան-Պուտին առանձին հանդիպում։
Հիշեցնենք, որ հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին։ Կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։