Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին
«ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նաև հավելեց, որ Հայաստանն ակտիվ ներգրավված է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում:
Ամփոփելով հաշվետու տարին՝ Զ․ Մնացականյանը նշեց, որ շարունակվել են Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և ընդլայնմանն ուղղված ջանքերը.
«Տարին նշանավորվել է բարձր մակարդակներում քաղաքական ակտիվ երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ ոլորտներում:
Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է և առանձին երկար քննարկման առարկա կարող է լինել»:
«2019 թվականին Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում, մեծ ուշադրություն է դարձվել միության երրորդ երկրների հետ համագործակցության խորացմանը:
Քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հետագա խորացման ու կառույցի նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ:
Հայաստանը շարունակել է խորացնել արժեքահեն գործընկերությունը Եվրամիության հետ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունն անդամ երկրների և եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ 2019 թվականին զգալի աճել է Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
ԱԳՆ հավաստմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եղել և մնում է նաև ԱՄՆ-ի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, առավել խորացումը.
«Ինչպես գիտեք, մենք անցյալ տարի հաստատել ենք համագործակցության նոր ձևաչափ՝ ռազմավարական երկխոսության հարթակ, որի ներառական օրակարգը և դրա բովանդակային ընդգրկությունն ամուր հիմք են ձևավորում երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման համար:
Միացյալ Նահանգների կառավարությունն ավելացրել է 2019թ. Հայաստանին հատկացվող օժանդակությունը շուրջ 40 տոկոսով»:
Անդրադառնալով հարևան Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դրանք գալիս են դարերի խորքից և փոխադարձ հարգանքի վրա են հիմնված.
«Վերջինս նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը»:
Նրա գնահատմամբ՝ այս համագործակցությունն առավել կարևորվեց հատկապես համավարակի այս օրերին:
Նախարարը նշեց նաև Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ բազմաբնույթ համագործակցության և Մերձավոր Արևելքի երկրների հետ փոխգործակցության շարունակական ընդլայնման մասին։