«Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են». Արսեն Թորոսյան
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Վրաստանում բնակվող մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել է 27 շնչառական սարք։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս կապակցությամբ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ շնորհակալ է Վրաստանի մեր հայրենակիցներին: «Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»,-գրել է նա:
Լավ նորությանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը: Նա նույնպես գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում՝ տեղեկացնելով, որ շնչառական սարքերը հասել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
«Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից և Բելգիայից մեր մի շարք հայրենակիցներ` պատրաստակամություն հայտնելով լրացուցիչ աջակցություն տրամադրել: Այս պահին Վրաստանի իմ գործընկերները փնտրում են հավելյալ սարքեր, որոնք, չնայած ոչ շատ մեծ չափաքանակով, բայց կարծես թե կան»,-շեշտել է Խառատյանը: