«Կարգին» քաղաքապետի շրջապատի համար ամենաթողությունը օրեցօր ավելանում է, իսկ ԽԾԲ-ն ամրապնդվում

Երևանի քաղաքապետարանում խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքը գործում է անխոչընդոտ: «Կարգին» քաղաքապետի շրջապատի համար ամենաթողությունը օրեցօր ավելանում է, Մարությանի  մերձավորները չափն ու սահմանը կարծես թե կորցրել են:

Քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Հովսեփ Կուբատյանը, ով Մարությանի մտերիմներից է՝ կնոջը աշխատանքի է տեղավորել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ որպես իրավաբան:

Ըստ քաղաքապետարանում շրջանառվող լուրերի՝ Կուբատյանը կնոջ համար ցանկացել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի իրավաբանի հաստիքը, սակայն, չի հաջողվել այդ նպատակին հասնել: Հաստիքը զբաղված է, իսկ կանաչապատման ՀՈԱԿ-ի նոր տնօրենին, ում մասին վերջին օրերին աղմկահարույց հրապարակումները չեն դադարում, դեռ չի հաջողվում հին իրավաբանից ազատվել: Բայց, ինչպես ասում են, պարոն և տիկին Մարությանների և նրանց մտերիմների համար չլուծվող հարցեր չկան: Իսկ նպատակն իրագործում են ամենաստոր մեթոդներով: Աշխատանքից ազատում են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» իրավաբանին և նշանակում Կուբատյանի կնոջը:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Կուբատյանին հաջողվում է պաշտոններ բաժանել մտերիմներին, դրա ամենացայտուն օրինակներից է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի նշանակումը, ով Կուբատյանի մտերիմ ընկերն է:

Ստացվում է, որ արժեքների հեղափոխությունը վերածվում է ծանոթ բարեկամներով հարմար տեղավորվելու ավանդույթի:

ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս