Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ
Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են: Այս մասին այսօր Կառավարությունում անցկացվող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ խոսելով համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների մասին:
Ոստիկանապետը նշեց՝ Ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները նրա համար են, որ պարզ դառնա, թե որքանով են պահպանվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվել:
Արման Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են: Ըստ նրա՝ խախտում կատարող վարորդները կամ տնտեսվարողները ևս վարչական պատասխանատվության են ենթարկվում:
Նա նաև շեշտեց, որ ոստիկանների ուսումնասիրությունների մեջ են մտնում նաև դիմակների առկայության, կրելու և նման այլ կարևոր կանոնների ստուգումները: «Վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Այդ գործընթացը լինելու է շարունակական»: