«Ով այս օրը, բացի անկախության վերականգնման կամ անկախության տոնից կկոչի այլ անունով, նա ուղղակի ստահակ է»․ Պարույր Հայրիկյան

«Մայիսյան տոների դասերից ամենակարևորը ճշմարտությանը հավատարիմ լինելն է։ 1918 թվականի մայիսի 28-ը մենք պետք է  ընդունենք, որ տխուր պայմաններում իրականացավ, ինչը մեզ պարտավորեցնում է վերանայել պատմության ընթացքում մեր թույլ տրված սխալները և տեսնել, որ ճշմարտությամբ պետք էր առաջնորդվել,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով,- Մեր քաղաքական գործիչներն իրենց ազգային, քաղաքական աշխարհընկալումով շատ փոքրիկ էին, չէին համարձակվում երազել անկախ Հայաստանի մասին՝ բացի Միքայել Նալբանդյանից և Ռաֆայել Պատկանյանից։ Ռ․Պատկանյանն ասում էր՝ «Հայ է նա, ով կըղձա անկախ Հայաստան»։

Մինչդեռ քաղաքական իբրև թե վճռական պայքար էր սկսվել ընդամենը ինքնավարության համար՝ Թուրքիայի ներսում Ռուսաստանի հովանավորության տակ հայկական ինքնավարություն։ Ով այս օրը, բացի անկախության վերականգնման կամ անկախության տոնից, կկոչի այլ անունով՝ նա ուղղակի ստահակ է, որովհետև իր նախնիներին ուրացողն այլևս մարդ չէ։ Մեր հայրերը որտեղի՞ց իմանային, որ 70 տարի հետո սրիկաներ են ասպարեզ գալու ու իրենց ստեղծած, անվանակոչած տոնը փոխելու են՝ դարձնելով Առաջին Հանրապետության տոն։ Այսպիսի սրիկայություն աշխարհը չի տեսել․ նախնիները տոն ստեղծեն, ազգային ձեռքբերում ունենան, ՀՀՇ-ականները գան ու ուրիշի ստեղծած տոնը, անունը փոխեն»։

Որտե՞ղ ենք թերանում, եթե շարունակում են շատերը մնալ օտարամոլ, անգամ կան մարդիկ՝ դեռ երանի են տալիս, օրինակ՝ ԽՍՀՄ տարիներին։ Ի՞նչ պետք է արվի, որպեսզի դառնան ավելի հայասեր, ազգասեր։

«Պարզապես մարդկանց ամեն քայլափոխի պետք է ճշմարտությունը մատուցել։ Իսկ դաստիարակության իմաստն օրինակելի կերպարների մատուցումն է։ Հետևաբար՝ պետք է սկսել դպրոցից, ծնողներից, իսկ ամենասկզբից ազգային, արժեքային համակարգը պետք է ճիշտ ներկայացվի։ Ցավոք, օտարամոլ խավին այսօր շատ են տեղ տալիս, խոսեցնում։ Խոսքը նրանց մասին է, ովքեր օտարի ստրուկ են, գաղտնի գործակալ, և այլն։ Մայիսի 28-ը մեր ազգային կարևորագույն տոներից մեկն է, բայց քանի որ նաև դրա մասին ենք խոսում, ասեմ, որ որպես ազգային կարևորագույն տոն՝ մենք պետք է նշեինք Հայկի և Բելի ճակատամարտի օրը։ Իմաստուն ազգերն իրենց պատմության խորքերն են մտնում և բացահայտում, սերունդների սեփականությունն են դարձնում ազգի ծագման հետ կապված իրադարձությունները»։

Տեսանյութեր

Լրահոս