Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրած վճռով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում նշված է նաև, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի՝ էթնիկ ատելության հողի վրա իրականացրած հանցանքի համար ազատազրկման ապահովումը, երկիր վերադառնալուց հետո ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։
Եվ չնայած վճռում Հունգարիայի առնչությամբ որևէ խախտում արձանագրված չէ, ՄԻԵԴ դատավոր Պինտրո դել Ալբուկերկեի հատուկ կարծիքում ասված է.
«Փաստերը անխուսափելիորեն հանգեցնում են այն եզրակացության, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ Հունգարիայի կողմից եղել է ՄԻԵԿ 2-րդ հոդվածի խախտում՝ ընթացակարգային ասպեկտում: Հաշվի առնելով սույն գործով հարուցված իրավական հարցերի ծայրահեղ կարևոր բնույթը, «ծայրահեղ դաժան ատելության հանցագործությանը» ներում շնորհելը և դրանում ներառված մարդկանց, մասնավորապես՝ Հունգարիայի վարչապետին և պաշտպանության նախարարին, և Անդրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին և արդարադատության նախարարին, և հաշվի առնելով, որ գործը «բարձրացնում է Կոնվենցիայի պահպանման վրա ազդող ընդհանուր բնույթի հարցեր», ես միայն կարող եմ ակնկալել, որ այս ողբերգական դեպքը կներկայացվի Մեծ պալատ քննարկումներին: Հույս ունեմ՝ մի օր հայցվորները կարժանանան լիարժեք արդարության»:
Դիմումը ՄԻԵԴ ներկայացրել են հայ երկու քաղաքացիներ՝ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը, որն այժմ մահացած է, ու նրա փոխարեն՝ հանդես են գալիս Մինասյանի այրին և նրանց երկու երեխաները։
ՄԻԵԴ գանգատը ներկայացվել էր 2013 թվականին: Ներկայացված գանգատով պահանջվում էր ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:
Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի: 2012 թվականի օգոստոսի 31-ին Ադրբեջանի խնդրանքով Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան՝ հետագա պատիժն այնտեղ կրելու պայմանով, սակայն հենց նույն օրը նրան ներում էր շնորհել Իլհամ Ալիևը, որպես նվեր բնակարան էր տրվել, շնորհվել էր մայորի կոչում, ինչպես նաև անազատության մեջ գտնվելու ութ տարիների համար վճարվել էր աշխատավարձ։
Տվյալ որոշումը հանգեցրել էր Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման:
ՄԻԵԴ վճռի վերաբերյալ գործով ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանի և Լևոն Գևորգյանի վերլուծությունը կներկայացնենք շուտով: