Բաժիններ՝

ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական. «Փաստինֆո»

Երեւան քաղաքի քննչական վարչությունից պաշտոնյա է գործուղվել Արաբկիրի քննչական բաժին՝ հսկողության տակ պահելու քաղաքական հնչեղություն ստացած քրեական գործերի քննությունը։

Նշենք, որ այս քննչական բաժնում էր քննվում այսպես կոչված ԱԺ հուշամեդալների գործը, որի հիմքը դրվել է մոտ 11 ամիս առաջ՝ 2019 թվականի հունիսին, երբ քաղաքական իշխանությունն իր առջեւ խնդիր դրեց հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար եղել է Հրայր Թովմասյանը։ «Փաստինֆո»-ն մայիսի 6-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու համար, թե շուրջ 10 ամիս տեւած քննության արդյունքում ինչ է պարզվել, քրեական գործով կան մեղադրյալներ, թե ոչ, ով է քննում քրեական գործը, արդյո՞ք նախաքննությունն իրականացնելու համար ստեղծվել է քննչական խումբ, ՔԿ կենտրոնական ապարատից, Երևան քաղաքի քննչական վարչությունից ՔԿ ծառայողներ գործուղվել են Արաբկիրն քննչական բաժին, թե ոչ։ Նշենք ,որ մեր տեղեկություններով, հատուկ մարդ էր գործուղվել՝ քննության ընթացքը հսկելու համար։

Արդյունքում՝ պաշտոնապես հաստատվեց «Փաստինֆո»-ի տեղեկությունների հավաստիությունը։ «Հաշվի առնելով քրեական գործի հնչեղությունը, ինչպես նաև մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ նախաքննական կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որում ընդգրկված են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնի երեք աշխատակիցներ, իսկ ղեկավար է նշանակված նույն բաժնի պետը»,- նշված է Երեւանի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանի ստորագրությամբ ստացված պատասխանում։ Միաժամանակ ՔԿ պաշտոնյան տեղեկացրել է. «Վերոգրյալը նկատի ունենալով և ղեկավարվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» ԹԻՎ 55-Լ հրամանի 46-րդ կետի 7-րդ ենթակետով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետի տեղակալը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ուսումնասիրում է ինչպես տվյալ, այնպես էլ մի շարք այլ նմանատիպ քրեական գործեր։ Ներկայումս նախաքննությունը շարունակվում է»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը գործուղված պաշտոնյայի հետ քննարկել է ձեռք բերված ապացույցները, ընդհուպ ցուցմունքները։ Մինչդեռ նկատենք, «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ կետի համաձայն՝ Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին։ Ավելին՝ նրա լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս