Բաժիններ՝

«Ես ուզում եմ՝ ճիշտը բացահայտվի ամբողջությամբ». Սմբատ Գոգյանը՝ արտահերթ նիստից ակնկալիքների մասին

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի (ԳԿՄՍԵՍ) հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ:

Մ. Հայրապետյանը նշել էր նաև պատճառների մասին.

«Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով:

Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»:

168.am-ը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահից հետաքրքրվեց՝ «Ի՞նչ ակնկալիք ունեք, արդյո՞ք լսելի կլինի Ձեր բարձրաձայնած խնդիրը»:

«Որ հույս չունենայի, չէի գնա: Ես ուզում եմ՝ ճիշտը բացահայտվի ամբողջությամբ»,- պատասխանեց Ս. Գոգյանը:

Դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հարցազրույցներից մեկում անդրադառնալով Ձեր կողմից  Դիանա Գալոյանի ատենախոսությունում թերություններ մատնանշելուն՝ հայտնել էր, թե Ս. Գոգյանը ոչինչ չի կարող նշել, քանի որ չի եղել այն հանձնաժողովի անդամ, որն ուսումնասիրել է Դ. Գալոյանի ատենախոսությունը, թեև նրան մի քանի անգամ առաջարկվել է, ԲՈԿ նախագահն արձագանքեց.

«Ես դրա մասին էլ հանձնաժողովի նիստի ժամանակ կասեմ»:

«Հրավիրել են, չե՞ք գնացել» հարցադրմանն էլ պատասխանեց.

«Երկու հանձնաժողով է եղել, մեկը՝ գիտական հոդվածների, մյուսը՝ ատենախոսության, ատենախոսությանը չեն հրավիրել, իսկ մյուսը՝ հոդվածներ էին, ես առաջարկեցի, որ Գիտության կոմիտեն զբաղվի դրանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս