Թուրքիայում մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն այս անգամ հնչեցրել են թուրքական երգ
Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում իսլամական պահքի` Ռամադան ամսվա ընթացքում իրարահաջորդ աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մայիսի 21-ին Իզմիր նահանգի Բորնովա և Բայրաքլը շրջանների մզկիթներում բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն այս անգամ հնչել է թուրք երգչուհի Սելդա Բաղջանի երգերից մեկը։
Նշենք, որ մայիսի 20-ին Իզմիր նահանգի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի ձայնի փոխարեն հնչել էր իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի), որը հիստերիայի ալիք էր բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ, թուրքական մամուլում, և քննարկման առարկա դարձել սոցցանցերում։
Այս միջադեպերի կապակցությամբ Իզմիրի նահանգային մուֆթիությունը (մահմեդական բարձրաստիճան հոգևորական, իրավաբան-կրոնագետ) հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Մինչև կբացահայտվեն այս հարձակումները, նկատառումներից ելնելով Իզմիրում ժամանակավորապես դադարեցվել է ազանի կենտրոնական համակարգի օգտագործումը»։
Պատճառն այն է, որ անհայտ անձինք կոտրել են այդ համակարգի գաղտնաբառը և անարգել մուտք գործել։
Հիշեցնենք, որ երկու միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր հանրապետական դատազությունը հետաքննություն է սկսել երգեր հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու մեջ»։
Սոցցանցի օգտատերերից մեկին՝ Բանու Օզդեմիրին, որն իր էջում կիսվել է տեսաձայնագրությամբ ձերբակալվել է։