«ՀԾԿՀ հաշվարկներում արտացոլված կլինի՝ գազը թանկանո՞ւմ է, թե՞ ոչ. այն կներկայացվի մոտ ժամանակներս». Գարեգին Բաղրամյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ ժամանակներս կներկայացնի իր հաշվարկները: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտին:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 28 դոլարով կամ 11 տոկոսով։
«Այդ հաշվարկներում երևալու է թե՛ գազի թանկացումը, թե՛ հարցը՝ բնակիչ-բաժանորդների համար այն կթանկանա՞, թե՞ ոչ: Այսինքն՝ այդ հաշվարկներում արտացոլված կլինի՝ թանկանո՞ւմ է, թե՞ ոչ, կամ՝ բնակիչ-բաժանորդների համար որքան կթանկանա, կամ՝ չի թանկանա»,- նշեց Բաղրամյանը՝ հավելելով, որ քննարկումները դեռ շարունակվում են:
Վերջնական հաշվարկները կտեղադրվեն ՀԾԿՀ պաշտոնական կայքում։ Մինչ այդ հանձնաժողովը նաև հանրային քննարկում է հրավիրելու այս թեմայով։ Իսկ գազի հնարավոր նոր սակագնի մասին որոշումն ուժի մեջ կմտնի դրա ընդունումից 30 օր հետո։