ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին  Թրեյսին պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի՝ հյուպատոսական ծառայությանն առնչվող  հարցերին

Այսօրվա ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձավ օգտատերերի այն հարցերին, որոնք վերաբերում էին ԱՄՆ վիզա ստանալու համար կրկին դիմելու հնարավորությանը, ընթացակարգին, ինչպես նաև այն դեպքերին, երբ քաղաքացիները դիմել են, վճարել են վիզա ստանալու համար անհրաժեշտ միջնորդավճարը, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ գործընթացը կանգ է առել:

«Ի պատասխան գլոբալ վարակի՝ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը կասեցրել է վիզաների տրամադրման ծառայությունները Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում: Կարծում եմ՝ մենք հնարավորինս շուտ կվերսկսենք այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին մենք դեռևս հստակ ժամկետներ այդ աշխատանքները վերսկսելու վերաբերյալ չունենք:

Եթե Ձեր հարցազրույցը չեղարկվել է, ապա կա՛մ ուղղակիորեն կապվել են Ձեզ հետ, կա՛մ էլեկտրոնային փոստով են այդ մասին տեղեկացրել: Իսկ եթե միջնորդավճարը վճարել եք, ապա այն երկրում, որտեղ այդ վճարումը կատարել եք վիզայի համար, այդ միջնորդավճարը կարող է կիրառվել մեկ տարվա ընթացքում»,- ասաց դեսպան Լին Թրեյսին՝ հորդորելով այլ հարցերի դեպքում օգտվել դեսպանության պաշտոնական կայքէջի վիզաների բաժնում տեղադրված ինֆորմացիայից կամ առանձին հարցերով դիմել հյուպատոսական ծառայությանը:

Անդրադառնալով դեպի ԱՄՆ ներգաղթային վիզային, «Գրին քարտին» ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե կորոնավիրուսային  իրավիճակով պայմանավորված՝ ԱՄՆ մուտքը ներգաղթյալների համար որոշ ժամանակով փակ կլինի, դեսպանն ասաց.

«ԱՄՆ որոշ անձանց մուտքը թույլ չտալու վերաբերյալ նախագահ Թրամփի հայտարարությանը Դուք կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր կայքէջ: Վիզաների բաժնում այն զետեղված է:

ԱՄՆ մուտքի արգելքը չի գործում մի քանի խմբերի նկատմամբ՝ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ, օրինական մշտական բնակչի կարգավիճակ ունեցողների նկատմամբ և այն անձանց նկատմամբ, ովքեր այդ հայտարարությունն անելու օրվա դրությամբ արդեն իսկ ունեցել են ներգաղթային վիզա»։

Տեսանյութեր

Լրահոս