270 երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ 2-ն ունեն թոքաբորբ․ Արսեն Թորոսյան
«Մեր ունեցած տվյալներով` երեխաները թեթև են տանում նոր կորոնավիրուսային հիվանդությունը։ Մենք մայիսի 20-ի դրությամբ ունենք երեխաների մոտ հաստատված 270 դեպք։ Երեխա ասելով՝ նկատի ունեմ մինչև 18 տարեկան քաղաքացի։ Երկու երեխա ունի թոքաբորբ, շատ թեթև, կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ հանգամանքը, որ երեխաները թեթև են տանում, չի նշանակում, որ անհարկի պետք է վարակվեն, պետք է պաշտպանենք բոլորին։
«Եթե ունենք փոքր երեխաներ, որոնց հետ պետք է գնանք փակ տարածք՝ խանութ կամ ինչ-որ սպասարկման վայր, անհրաժեշտ է, որ երեխաները նույնպես դիմակ կրեն։ Խոսքը ոչ թե կրծքի, այլ արդեն քայլող երեխաների մասին է»,- հավելեց նախարարը։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 23 հղիի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Բժշկական հաստատություններում կա կորոնավիրուսի վարակվածության 375 դեպք։
Նախարարը հաղորդեց, որ կորոնավիրուսով վարակվածներին բուժող կադրերի խնդիր կա։ Խոսքը հատկապես վերակենդանացման բաժանմունքների ռեանիմատոլոգների մասին է։ Խնդիրը եղել է անգամ մինչև կորոնավիրուսը։
«Նրանց օգնելու մեկ տարբերակ կա, դրանք Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորներն են՝ ռեանիմատոլոգիայի 2-րդ և 3-րդ կուրսի, որոնցից 60 հոգի վաղը կմասնակցի հեռավար դասընթացի, որ գան օգնելու իրենց ավագ գործընկերներին»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում ևս կան կորոնավիրուսով վարակվածներ։
«Կա բժշկական հաստատություն, որտեղ դիալիզ են ստանում այն քաղաքացիները, որոնք ունեն դրական ախտորոշում։ Այո՛, դրա մեջ որևէ արտասովոր բան չկա, որովհետև մենք կազմակերպել ենք բուժօգնությունը հատուկ այնպես, որպեսզի դրական ախտորոշում ունեցող և չունեցող դիալիզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար։ Այսինքն՝ այնպես անենք, որ ամբողջ դիալիզի ծառայությունը, որ սպասարկում է 1000-ից ավելի քաղաքացու, զերծ մնա կորոնավիրուսային վարակի ներհիվանդանոցային տարածումից, և դրա համար առանձնացրել ենք ամենամեծ դիալիզային ծառայություն ունեցող բաժանմունքներից մեկն այդ քաղաքացիների համար»,- նկատեց Արսեն Թորոսյանը։
Նախարարը հրապարակեց նաև կատարված ծախսերը․
«Մինչ այժմ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցվել է մոտ 1 միլիարդ 98 միլիոն դրամ, ևս 2 միլիարդ 15 միլիոն դրամ ստացել ենք պետական բյուջեից և կստանանք շուտով 1 միլիարդ 420 միլիոն։ Փաստացի ծախսը 2,4 միլիարդ դրամ է, ու սա համարում եմ շատ փոքր թիվ՝ նման լայնածավալ գործողությունների համար, որովհետև տարբեր գնահատականներով՝ մինչև տարվա վերջ 300 միլիոն դոլար է անհրաժեշտ լինելու։ Մոտ 464 միլիոն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա։ 1-2 ամսվա ընթացքում բերվել է այս վիճակին ու մինչ օրս կատարված շինաշխատանքների ընդհանուր արժեք կազմել է 752 միլիոն դրամ, իսկ 464-ն արդեն վճարվածն է։ Բժշկական սարքերի մասով ընդհանուր, բայց դեռ ամբողջությամբ չծախսված գումարը, որը տարբեր աղբյուրներից է՝ վարկային միջոցներ, նվիրատվություն, 1,6 միլիարդ դրամ է, մատակարարված է 492 միլիոն դրամ, սպասողական՝ 970 մլն դրամ, մրցութային փուլերում՝ 164 միլիոն դրամ» ։
Նա նշեց, որ բժիշկներին, բացի աշխատավարձից, տրվում են պարգևավճարներ, քանի որ 24 ժամ են աշխատում։