Բաժիններ՝

Կորոնավիրուսային վճարովի թեստավորման ոդիսականը

Կորոնավիրուսային վճարովի թեստավորման անթույլատրելիության մասին Առողջապահության նախարարությունը հայտնեց օրեր առաջ՝ նշելով, թե «վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ»:

Նախարարության հայտարարության մեջ ասված էր, որ լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:

Շատերին անհասկանալի է նախարարության ցուցումը՝ կորոնավիրուսի վճարովի թեստեր չիրականացնելու վերաբերյալ: Տպավորություն է, թե նախարարությունը դադարել է վստահել այն լաբորատորիաներին, որոնց գործելու լիցենզավորում է տվել:

Նշենք, որ սովորաբար լաբորատորիաներին Առողջապահության նախարարությունը լիցենզիա է տրամադրում  բժշկական գործունեություն իրականացնելու համար, որի մեջ ներառվում է նաև թեստավորման իրականացումը:

Մեր տեղեկություններով՝ մինչ այս չի եղել առանձին լիցենզիա, որը տրամադրվել է որոշակի վիրուսների առկայության հետազոտությունն իրականացնելու համար: Հանրությանը «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի ժամանակ Հայաստանում բժշկական կենտրոնները և լաբորատորիաները իրականացրել են այդ թեստավորումն առանց հատուկ լիցենզիայի, քանի որ այն չի պահանջվել, իսկ արդյունքն էլ եղել է հավաստի:

Տեղեկացնենք նաև, որ իրականացվող արագ թեստը բավականին պարզ գործողություն է, որի ընթացքում  փայտիկով, որի ծայրին բամբակ կա, քթի անցքերից և կոկորդից մասնագետները վերցնում են քսուկ, որի հետազոտման արդյունքում պարզվում է՝ մարդու օրգանիզմում վարակը կա՞, թե՞ ոչ:

Կորոնավիրուսի թեստավորում իրականացվել է նաև «Վարդանանց» ԲԿ-ում, որի խոսնակ Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԲԿ-ն ձեռք էր բերել լավագույն թեստերը, որոնք երկիր մտնելուց, ինչպես առհասարակ բոլոր դեղերը, անցել են խիստ վերահսկողություն:

«Մեր թեստերը ոչ միայն ցույց էին տալիս, որ այս պահին մարդն ունի այդ վարակը, թե չէ, այլ նաև՝ կա՞ն իր մոտ հակամարմիններ, թե՞ ոչ: Եթե կան, ուրեմն այդ մարդն արդեն ունեցել է վիրուս»,- ասաց Անահիտ Հայթայանը:

«ՊՐՈՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանն էլ 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց լաբորատորիաներում այժմ շարունակում են իրականացնել կորոնավիրուսի վճարովի թեստավորում: Նա նշեց, որ Առողջապահության նախարարության հետ որոշակի ճշգրտումների խնդիր կա այժմ, բայց թեստավորումն արվում է:

«Առողջապահության նախարարության կողմից տրամադրվող լաբորատոր գործունեության տարատեսակ լիցենզիաներ կան: Կան, օրինակ, գենետիկ, կենսաքիմիական, կլինիկական, շճաբանական և այլ լիցենզիաներ:

Իրականում ճիշտ է նախարարության կողմից որդեգրած քաղաքականությունը՝ հսկողություն իրականացնելու համար: ԱՀԿ-ի ցուցումներին համապատասխան՝ Առողջապահության նախարարության կողմից աշխատանքային խումբ է ձևավորվել, այդ աշխատանքային խումբը գնահատել է ՀՀ-ում գործող լաբորատորիաների, այդ թվում՝ մասնավոր լաբորատորիաների հնարավորություններն ու կարողությունները:

«ՊՐՈՄ-ԹԵՍՏ»-ն անցել է աշխատանքային խմբի կողմից այդ գնահատումը, գնահատվել է՝ որպես որակյալ և կարող լաբորատորիա, որի շրջանակներում հետո պետության հետ կնքվել է պայմանագիր ու անվճար հիմունքներով պետությանը տրամադրվել է այդ ծառայությունը:

Պետության կողմից հսկողությունն իրականացվել է ու իրականացվելու է: Պետության հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, իսկ մասնավոր հիմունքներով շարունակում ենք աշխատել»,- ասաց Սևադա Գինոյանը:

«ՊՐՈՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ լաբորատորիայում կորոնավիրուսի թեստավորում իրականացնելիս օգտագործվում են որակյալ թեստեր:

Հ.Գ. Այսօր 168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ ստանալու տեղեկություն, թե ինչո՞վ է պայմանավորված նախարարի ցուցումը՝ կորոնավիրուսային հետազոտություն իրականացնելու թույլտվությունից զրկել այն բժշկական կենտրոններին կամ լաբորատորիաներին, որոնք մինչ այդ իրականացրել են թեստավորում՝ այն դեպքում, երբ այդ կենտրոնները նախարարության կողմից ունեն լիցենզիա՝ գործելու և հետազոտություններ իրականացնելու համար, ինչո՞ւ է նախարարությունը սկսել չվստահել այդ կառույցներին, արդյո՞ք նախարարությունը սահմանել է որոշակի չափորոշիչներ,  որոնց պետք է բավարարեն լաբորատորիայի կողմից ձեռք բերվող և կիրառվող թեստերը, և արդյո՞ք մասնավոր լաբորատորիաներին կորոնավիրուսի թեստավորում իրականացնելն արգելելու պարագայում պետական լաբորատորիաները բավականաչափ թեստավորում իրականացնելու հնարավորություն ունեն, թե՞ ոչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս