ԱՊՀ երկրների վարչապետները Յալթայում կքննարկեն Ազատ առևտրի գոտում նոր երկրների ընդգրկման հարցը
ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրին նոր երկրների անդամակցության հարցը կքննարկվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների` սեպտեմբերի 28-ին Յալթայում կայանալիք նիստի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Օրակարգում ընդգրկված են 20-ից ավելի հարցեր, որոնք առնչվում են ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին, սակայն, իմ կարծիքով, ամենակարևորն ազատ առևտրի գոտու ընդլայնումն է»,-ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 20-ից և ընդգծել է դրա կարևորությունը մասնակից երկրների համար:
ԱՊՀ տարածքում ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թ.-ի հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի միջև:
ԱՊՀ երկրներից համաձայնագրին չեն միացել Ադրբեջանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը: