Ինչո՞ւ են խնդիրներ առաջացել Փաշինյանի ու լրագրողների, «Լուսավոր Հայաստանի», ՀԱԿ-ի միջև. պարզաբանում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի ութերորդ մամուլի ասուլիսին իրեն ուղղված առաջին հարցը վերաբերում էր վարչապետի ու իր նախկին գործընկերների հարաբերություններին, որոնք այսօր այնքան էլ հարթ չեն: Թե ինչպե՞ս է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», ՀԱԿ և այլն, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, վարչապետը մեկ հիմնական պարզաբանում տվեց, ասաց, թե չի վախենում մենակ մնալուց:

Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ՝ առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ են եղել:

«Ուղղակի, պարզապես, երբ  եկել են վճռական պահեր, նրանից առաջ էլ ես ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխությունների իմ սեփական պատկերացումները, և այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի ունեցած պատկերացումների հետ, և մի պահից այդ պատկերացումներն ընդհանրապես դադարել են գոյություն ունենալ:

Իմ անցած ամենակարևոր ճանապարհն իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել ա 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը, և էդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել: Եվ նախկինում ՀԱԿ-ի հետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում,  քաղաքական հարաբերությունների խզումը եղել է  քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ»,- ասաց Ն. Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀԱԿ-ի պարագայում դա եղել է հայտնի եռյակ-քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ Բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իր անհամաձայնությունը, իսկ ԼՀԿ-ի հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ «Ելք»-ում քննարկել են «Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսելու» գաղափարը:

«Քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել մենակ մնալ և ուզում եմ ասել, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այնպիսի կոնկրետ պահեր,  երբ ես ինձ հարցրել եմ, թե ովքեր են այս պահին իմ քաղաքական համախոհները, ես ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է լրագրողական հանրության հետ հարաբերություններին, Փաշինյանի խոսքով՝ ի սկզբանե եղել է մի խնդիր, նրբություն, որի մասին այսօր  բարձրաձայնեց:

«Ես պետք ա խոստովանեմ՝ իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է շատ կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: Եվ իմ լրագրողական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափ, երբեմն՝ գուցե սկզբից ենթագիտակցորեն, հետո՝ ավելի գիտակցորեն, որպես քաղաքական գործունեության մաս, և հնարավոր է՝ շատ լրագրողներ ինձ՝ որպես այդպիսին, որպես հարյուր տոկոսանոց լրագրող, չեն էլ ընդունել: Եվ դրանում գուցե թե ունեցել են իրենց հիմնավորումները:

Իսկ հիմա լրագրողական հանրության հետ, ԶԼՄ-ների հետ ես շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող իր բարդություններով, իր նրբություններով, և ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ գուցե դա վատ է, ես չգիտեմ, գուցե դա իսկապես վատ է,  և էս համատեքստում էլ էն պարագաներում, էն դեպքերում, երբ որ հարցը ունի շատ սկզբունքային գաղափարական, գաղափարախոսական նշանակություն, էդ պարագայում էլ ես չեմ վախենում մենակ մնալ: Համենայն դեպս, դա ճիշտ մոտեցում է:

Հակառակը՝ կոնֆորմիզմն է, հարմարվողականությունը, որ անընդհատ հարմարվես ինչ-որ հանգամանքների, հարմարվես ինչ-որ շահերի, և էդպես տեղավորվես ինչ-որ կոմֆորտ իրավիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս