Ինչպես կանդրադառնա ՄԱԿ-ում հրադադարի գլոբալ պահպանման բանաձևը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա

Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որն արգելափակել էր ԱՄՆ-ը Չինաստանի հետ տարաձայնությունների պատճառով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:

Ինչպես Ֆրանսիայի և Թունիսի առաջարկը՝ նոր բանաձևը նույնպես կենտրոնանում է աշխարհի տարբեր հատվածներում կոնֆլիկտային գոտիներում հրադադարի պահպանման վրա, ինչը հնարավորություն կտա երկրներին պայքարել մահացու համավարակի դեմ: Ֆրանսիայի և Թունիսի առաջարկած պրոյեկտի շաբաթներ շարունակվող բանակցություններից հետո նոր նախագծի հեղինակները որոշել են կենտրոնանալ ողջ աշխարհում հրադադար հաստատելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչի վրա՝ խնդիրը ձևակերպելով շատ ավելի հակիրճ ու հստակ։

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը 168am-ի հետ զրույցում նշեց, թե բանաձևի դրական քվեարկության դեպքում ինչպես կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, և արդյոք նման բանաձևը կարո՞ղ է նպաստել այս հակամարտության գոտում հրադադարի պահպանմանը։

Նեյլ Մաքֆարլեյնը գտնում է, որ բանաձևը կունենա այնքան ազդեցություն, որքան ընդհանրապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը։ Նրա խոսքով, բանաձևը, բնականաբար, վերաբերում է բոլոր հակամարտություններին և միտված է լուծել մեկ խնդիր՝ թույլ տալ երկրներին բոլոր ռեսուրսները կենտրոնացնել համավարակի դեմ պայքարի ուղղությամբ, ժամանակավորապես չզգալով արտաքին սպառնալիքներ։

«Առանց այս բանաձևի՝ համավարակն արդեն իսկ փոխել է բոլոր երկրների քաղաքականությունը և մտադրությունները, չկան ակտիվ ռազմական գործողություններ աշխարհի ոչ մի կետում։ Այսինքն՝ համավարակն ինքնին զսպաշապիկ է դարձել՝ իր հետ բերելով մի շարք մարտահրավերներ բոլոր երկրների համար։ Բայց նկատենք նաև, որ հրադադարը լիովին չի պահպանվում որևէ գոտում, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում։ Ավելին՝ ԼՂ հակամարտության դեպքում չեն գործել նաև 1990-ական թթ. կնքված հրադադարի համաձայնագրերը։ Ես գտնում եմ, որ այս բանաձևն ունենալու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը պարզապես ամրագրող նշանակություն, քանի որ յուրաքանչյուր հակամարտության դեպքում հրադադարի պահպանման գործոնները, բանակցությունները տարբեր են։ ԼՂ հակամարտության դեպքում բանակցություններին տոն է հաղորդում Ռուսաստանը, ազդեցություն ունի Ռուսաստանը և վերջերս Ռուսաստանը ԼՂ կարգավորման գործընթացում իր ակտիվությամբ փորձում է աշխարհին ցույց տալ նաև իր դերակատարությունն այս գոտում, որն էլ իր անդրադարձն է ունենում հակամարտության գոտում տիրող իրավիճակի և հրադադարի պահպանման ռեժիմի վրա։

Եվ երբ Ռուսաստանի շահերից բխում է, իր իսկ միջնորդությամբ հրադադարի պահպանման նոր միջոցառումներ են ֆիքսվում։ Սակայն հակամարտության ողջ դինամիկան ցույց է տալիս, որ լիարժեք հրադադար երբեք չի գործում, և կողմերն առաջնորդվում են՝ ըստ իրենց շահի ու նպատակահարմարության։ Ու դա կանեն նաև ապագայում, անկախ ՄԱԿ-ի բանաձևերից, որը խախտելու դեպքում այն դժվար է որևէ կերպ բարձրաձայնել, քանի որ չկան հետաքննական մեխանիզմներ, և պարզ չի լինի, թե որ կողմն է խախտում հրադադարն այս հակամարտության դեպքում, դժվար է նման հարթակներում բարձրացնել այդ հարցը և թեկուզ քննարկման առարկա դարձնել։ Չնայած քննարկման առարկա հնարավոր է դարձնել։ Այսքանով առավելագույնը տվյալ թեման կարող է սահմանափակվել»,- ասաց վերլուծաբանը՝ պնդելով, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակներն ունեն իրենց սեփական զարգացման սցենարները, որոնք, կան փուլեր, երբ պայմանավորված են միջազգային օրակարգով, կան փուլեր՝ կտրված են միջազգային անցուդարձից։

«Ամեն դեպքում գուցե այս բանաձևը, գումարվելով իրավիճակի առաջ քաշած խնդիրներին, հավելյալ զսպող նշանակություն ունենա՝ անհնարին դարձնելով ռազմական գործողությունները և հրադադարի փոքր խախտումները»,- ասաց վերլուծաբանը։

Իսկ ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ այս բանաձևը որևէ նշանակություն չի ունենա ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։ Ըստ նրա՝ տվյալ բանաձևը, ամենայն հավանականությամբ, որևէ ուժ և հետևանք չի ունենալու։

«Տվյալ իրավիճակում Ադրբեջանն առաջնորդվում է իր քաղաքական ծրագրերով, և պատերազմի ծրագիրը ոչ մի տեղ չի անհետացել։ Այլ հարց է, որ այս փուլում, երբ կան խոշոր մարտահրավերներ, որքանով են ձեռնտու նման գործողությունները, թեև չի դադարում նաև ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասաց Եվսեևը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս