ՃՈ-ն օրենքով վերապահված բազմաթիվ մեթոդներ է կիրառում. Աշոտ Ահարոնյանը՝ ծածուկ ծառայություն իրականացնելու մասին
Երեկ ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն էր տեղադրվել ու նաև տարածվել լրատվամիջոցներով, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ»։
Հաղորդագրության մեջ նշված Կառավարության «համապատասխան որոշումը» 2006 թվականի նոյեմբերի 23-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք ընդունված, իսկ նույն տարվա դեկտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացված N 1769-Ն որոշումն է, որն այսօր էլ, առանց փոփոխությունների, գործում է և տեղադրված է arlis.am հարթակում։
Այդ տարիներին գոյություն ունեին և կիրառվում էին ճանապարհապարեկային ծառայության իրականացման տարբեր ձևեր և մեթոդներ։
Կառավարության նշված որոշման համաձայն՝ «Պարեկային ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով ճանապարհապարեկային ծառայության իրականացումը կարող է լինել բացահայտ, ծածուկ, խառը։
Ծածուկ և խառը ծառայություններն իրականացվում են ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների նախազգուշացման և կանխման, ճանապարհային երթևեկության մասնակիցների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող, համապատասխան գրառումներով և տարբերիչ նշաններով պարեկային ավտոմոբիլների տեսադաշտից դուրս կատարվող իրավախախտումների հայտնաբերման նպատակով»:
Այդ ժամանակ երթևեկության նկատմամբ վերահսկողություն և իրավախախտումներն արձանագրող տեսախցիկներ չկային։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության և կիրառության պայմաններում իրականացվելու է նաև «ծածուկ ծառայությունը»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը՝ 168.am-ի հարցին՝ արդյո՞ք բավարար չեն տեսանկարահանող սարքերը, որպեսզի արձանագրեն խախտումները, ինչպես համացանցում պնդում են շատ քաղաքացիներ, պատասխանեց․
«Դա հարցի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, որովհետև Ճանապարհային ոստիկանությունն օրենքով վերապահված բազմաթիվ մեթոդներ է կիրառում»։