Բաժիններ՝

Ոստիկանները բնակարանային գողության փորձ են բացահայտել․ կան կալանավորվածներ

Մայիսի 7-ին Ավան վարչական շրջանում բնակարանային գողության փորձ էր կատարվել: Ժամը 20.30-ի սահմաններում անհայտ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ փորձել էին բացել Դուրյան թաղամասի բնակարաններից մեկի դուռը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործը ավարտին հասցնել չէր հաջողվել, փախել էին: Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը հաղորդում չստացվեց:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն իրենք պարզեցին եղելությունը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ բնակարանային գողության փորձը հաջորդ օրն իսկ բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը կատարել է բնակարանային գողության համար հետախուզման մեջ գտնվող Նոր Նորքի 43-ամյա մի բնակիչ` Նոր Արեշում բնակվող իր 34-ամյա ընկերոջ հետ:

Մայիսի 8-ին կասկածվողները Տիտոգրադյան փողոցից, իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին: Բերման ենթարկվածների մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին հարմարեցված բանալիներ, փականները բացելու և կոտրելու համար նախատեսված գործիքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև իրեղեն ապացույց հանդիսացող` բնակարաններից մեկից գողացված հեռուստացույցը:

Հանգամանքները պարզվում են: Բերման ենթարկված տղամարդիկ կալանավորվել են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս