Վեդիում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով
2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-20:00-ի սահմաններում, անհայտ անձն իր ուղղությամբ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնաձիգով մտել է Վեդի քաղաքում գործող քարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն, որտեղ այդ պահին ներկա է եղել 43-ամյա տղամարդն իր ընկերների հետ: Նկատելով զինված անձին՝ 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, ինչի հետևանքով նա դուրս է շպրտվել, դուռը փակվել է, որից հետո վերջինս 2-3 կրակոց է արձակել դռան ուղղությամբ և դիմել փախուստի:
Այնուհետև Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց ևս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ, շինության դռան վրա, հայտնաբերվել են կրակված 3 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ, իսկ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի հատվածի զննությամբ՝ 6 հատ 9մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժամանը:
Նշանակվել են դատահետքաբանական-դատաձգաբանական համալիր, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: