Բաժիններ՝

«Քոքոբելյաններին պատկանող ջերմոցային տնտեսության վրա հարձակվողներին հաջողվել է դիմել փախուստի, ոստիկանները նրանց են փնտրում». Անժելա Խաչատրյան

«Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, զինված ավազակային հարձակում է եղել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող Քոքոբելյաններին պատկանող ջերմոցային տնտեսության պահակակետի վրա: Անվտանգության աշխատակիցը կարողացել է արագ ահազանգել սեփականատերերին՝ Քոքոբելյաններին և ոստիկանությանը: Քոքոբելյանները ժամանել են այն պահին, երբ հարձակվողները փորձել են պատուհանից դուրս քաշելով հանել անվտանգության աշխատակցին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ Աչաջուր համայնքում տեղի ունեցած միջադեպին:

Անժելա Խաչատրյանի խոսքով՝ միջադեպի ժամանակ հնչել են կրակոցներ, պարկուճներն առգրավված են, և այս պահին ոստիկանությունը քննություն է անցկացնում:

«Հարձակվողներին հաջողվել է արագ դիմել փախուստի, հիմա ոստիկանները նրանց են փնտրում: Վերջին տվյալներով` մեկ հոգու արդեն գտել ու ձերբակալել են, իսկ մնացածի մասով դեռևս նորություն չկա»,- շեշտեց Ա. Խաչատրյանը:

Ըստ նրա՝ հարձակման պատճառների մասին դեռևս որևէ բան հայտնի չէ, պատճառները պետք է պարզի ոստիկանությունը և Ռազմական ոստիկանությունը:

«Հարձակման հետևանքով ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի որդին և նրա երկու ազգականները վնասվածքներ են ստացել: Պետք է տեղի ունենա դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի վնասվածքներ են: Քննություն է ընթանում, այլ մանրամասներ հաղորդել հնարավոր չէ»,- եզրափակեց նա:

Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մանրամասներին դեռևս տեղյակ չէ:

«Այսօր առավոտյան գնացի դեպքի վայր, որ հանդիպեմ Քոքոբելյանների հետ, հասկանամ՝ ինչ է տեղի ունեցել, բայց այնքան մարդ էին հավաքվել, որ չկարողացա որևէ մեկի հետ խոսել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ուսումնասիրում են միջադեպը: Սա առաջին դեպքն է, որ գյուղում նման բան է տեղի ունենում: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Քոքոբելյան Վաչիկի ձեռքին են դանակով հարվածել, նրանց դեռ չեմ հանդիպել»,- տեղեկացրեց համայնքապետը:

Նշենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ երեկ՝ մայիսի 8-ին, ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ըստ shamshyan.com-ի,  դեպքի վայր են ժամանել ոստիկանները և պարզել, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։

Ըստ կայքի, Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս