«Որևէ մեկը Շուշիի ազատագրման համար էստեղ նստած չի». դատախազ Գևորգ Բաղդասարյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը Շուշիի ազատագրման օրը նշանակելը շատերի համար զարմանալի էր, անսպասելի: Եղան մարդիկ, որոնք դա անգամ դասալքություն որակեցին՝ նշելով, թե Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրած մարդկանց այսօր դատարանում լինելը միայն կարող է թշնամիներին ուրախացնել:

Օրվա խորհրդին միջնորդությունները ներկայացնելիս նաև անդրադարձան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, նիստի ընթացքում անգամ դատավարական հակառակորդներին շնորհավորեցին տոնի առթիվ:

Բայց Շուշիի ազատագրման օրվա ու դատական այսօրվա նիստի մեջ կապ տեսնելը դատախազության ներկայացուցիչ մեղադրողներին  դուր չեկավ:

«Խոսք գնաց, անընդհատ շեշտադրվեց օրվա խորհրդի համատեքստում, որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել, ինչ կարգավիճակում են և մեղադրվում են: Ուղղակի համառոտ, եթե նույնիսկ խոսքս այդքան էլ գեղեցիկ չհնչի, պետք է ստիպված ասեմ: Որևէ մեկը Շուշիի ազատագրման համար էստեղ նստած չի»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը, իր բնորոշմամբ՝ միջնորդությունների մեջ ներկայացված կիսաիրավական կամ ոչ իրավական ձևակերպումներին անդրադառնալիս:

Մեղադրող դատախազի հայտարարությանն արձագանքեց ՀԱՊԿ նախկին քարտուղար  Յուրի Խաչատուրովը՝ չնայած տեխնիկական պատճառներով հստակ չլսվեց, թե մասնավորապես ինչ ասաց: Միայն լսվեց  դատավորի դիտողությունը՝ Խաչատուրովին, և ապա դրան հետևած՝ դատախազ Բաղդասարյանի արձագանքը.

«Ո՞նց ես նայում իմ վրա: Որևէ մեկը որևէ մեկի վրա չի նայում: Ինձ ընդհատել չի կարելի, որովհետև ես չեմ ընդհատում,- Խաչատուրովի խոսքին հակադարձեց  դատախազը՝ հավելելով,- Շատ խոնարհումով վերաբերվելով դրան՝ ուղղակի պետք է արձանագրեմ, որ սրանք իրար հետ կապ չունեն: Եվ դա չի թույլ տալիս հայտարարություններ անել՝ էդ ամեն ինչը էս կողմի գոնե չգնահատելու վերաբերյալ»:

Դատախազն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հայտարարությանը, թե գործի հեռանկարն ավելի շատ կապված է քննիչների, դատախազների պատասխանատվության հետ:

«Ստիպված եմ ուղղակի ասել, որ 10 անգամ մոտավորապես տարբեր դատական նիստերի դա կրկնելը պետք է արդեն ցույց տված լիներ՝ էդ տակտիկան ում մոտ կիրառել, ում մոտ՝ ոչ»,- հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս