«Եթե ես էլ լինեի այդտեղ ու հավատայի այդ լուրին, ոստիկանները կլինեին իմ թիվ մեկ թշնամին». Հայկ Ալումյան

«10 տարի հասարակության մոտ ձևավորել են որոշակի պատկեր` կապված Մարտի 1-ի հետ, և այդ պատկերի մեջ մտնում են բազմաթիվ միֆեր: Առաջին միֆը, որին հասարակությունը 10 տարվա մեջ սովորել է հավատալ, այն է, որ 2008թ. ընտրություններին հաղթել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա մի միֆ է, որը հեշտորեն հօդս է ցնդում, եթե վերլուծենք միջազգային բոլոր դիտորդների արձագանքները, որոնք դրական են, թե ՍԴ որոշումը, որը մինչ օրս ուժի մեջ է, թե իրական պատկերը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:

Ըստ փաստաբանի` հաջորդ միֆն այն էր, որ ոստիկանությունը մտավ Օպերայի հրապարակ, սկսեց ջարդել մարդկանց:

«Բայց մենք տեսնում ենք, որ պատկերը հետևյալն է: 10 օրից ավելի այդտեղ ընթանում էին չարտոնված հավաքներ, որոնք իշխանությունն իրավունք ուներ ցրել, բայց չէր ցրում: Ու բոլորս տեսել ենք, թե այդ հավաքների ժամանակ ինչ կոչեր էին հնչում, օրինակ` պետք է կազմաքանդել պետությունը: 10 օր իշխանությունը բացարձակ հանդուրժողականություն է ցուցաբերել, դրանից հետո սկսում են  ստացվել տեղեկություններ, որ հավաքվածների մոտ կա զենք, այդ թվում՝ նաև հրազեն, և, ինչն ամենավտանգավորն է, կան նռնակներ: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այդ նռնակներից մեկը պայթեր: Հիմա մենք գործի նյութերով տեսնում ենք, որ ԱԱԾ-ն ոստիկանությանն այդ մասին նյութեր է ուղարկել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով` ամենավտանգավորն այն էր, որ աշխատանք էր տարվում և երկրապահ կամավորականների մեջ, և զորամասերում, որ առանձին զինծառայողներ միանան Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պահանջներին:

«Դուք պատկեարցնո՞ւմ եք` ինչ տեղի կունենար, եթե այդ քարոզի արդյունքում որոշ զինծառայողներ կամ ստորաբաժանումներ, կամ ԵԿՄ-ն գար, հայտնվեր այդ հրապարակում: Ես կարծում եմ, որ դա կանխելով` կանխվել է մեր պետության փլուզումը»,- նշեց Հայկ Ալումյանը:

Խոսելով այդ օրերի մանիպուլյացիաների մասին` Հայկ Ալումյանը հիշեցրեց այն դեպքը, երբ տարածում էին, թե իբր առավոտյան Ազատության հրապարակում 5 տարեկան երեխա են սպանել:

«Սրանք հստակ տեխնոլոգիաներ են: Տեսեք`ինչն է հետաքրքիր: Այդ երեխայի կոշիկը վերցնում, դնում են այդտեղ, մոմավառություն են անում այդ երեխայի հիշատակին, ծաղիկներ էին դնում: Դա սցենար էր, որի մեջ շատ մարդիկ էին ներգրավված: Հետո պարզվում է, որ այդպիսի բան չի եղել: Բայց այդ լուրը բերնեբերան տարածվեց ամբողջ քաղաքով մեկ, ու այն հերքել հնարավոր չէր արդեն: Եթե ես էլ լինեի այդտեղ ու հավատայի այդ լուրին, ոստիկանները կլինեին իմ թիվ մեկ թշնամին: Մարդկանց ամենանվիրական զգացմունքների վրա ամենակեղտոտ ձևով խաղացել են»,- ասաց փաստաբանը:

Վերջինս նշեց, որ որպես սպառող` ինքն այդ խայծերը կուլ է տվել:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս