«Այդ սոցհարցումները սովորաբար ուղղորդված են լինում, դրա համար առանձնապես լուրջ չեմ վերաբերվում դրանց»

«Ես ընդհանրապես միշտ վերապահումով եմ վերաբերվել այդ սոցհարցումներին, որովհետև հետագայում պարզ է դառնում, որ դրանք սովորաբար ուղղորդված են լինում և տեղավորվում են որոշակի սցենարի կամ սցենարների մեջ: Եվ ես չեմ հիշում ինչ-որ մի դեպք, որ այդ հարցումներն ինչ-որ մի լուրջ ազդեցություն ունենան ընտրությունների վրա: Դրա համար ես առանձնապես լուրջ չեմ վերաբերվում և չեմ կարծում, որ դա արժանի է լուրջ գնահատականի»,- 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ահարոն Ադիբեկյանի` նախագահական թեկնածուների վերաբերյալ հրապարակած սոցհարցումների արդյունքները:

168.am-ին տված հարցազրույցներից մեկում Ռ. Հակոբյանը նշել էր, թե «ընդդիմության միասնական թեկնածու» տերմինն արհեստական է, և «ընդդիմությունը պետք է մտածի ընդդիմադիր էլեկտորատին իր դաշտում պահելու մասին»:

Մեր դիտարկմանը` եթե Գագիկ Ծառուկյանն այժմ սկսել է համարվել ընդդիմության միասնական թեկնածու, դա կնպաստի՞ ընդդիմադիր էլեկտորատին պահելուն, թե՞ ընդհակառակը` նրան կմղի իշխանության կողմը, Ռ.Հակոբյանը պատասխանեց.

«Նախ պետք է ճշտել` ի՞նչ ասել է ընդդիմություն. Հայաստանում քաղաքական դաշտն այնպես է լղոզված, որ նույնիսկ ընդդիմություն-իշխանություն սահմանը հստակ չէ և բավական խախտված է: Առավելևս` եթե Գագիկ Ծառուկյանն ինքը չի հայտարարում, որ ինքն ընդդիմություն է, որպեսզի դառնա ընդդիմության թեկնածուն: Դեռ չեմ կարծում, որ դա կլինի: Ուղղակի հարցն այն է, որ այսօր հատկապես խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը մի քիչ իմունիտետը կորցրել է իշխանական կուսակցությունների կամ իշխանական ռեսուրսների տիրապետող ուժերի նկատմամբ, ինչը ինչ-որ տեղ խեղաթյուրել է կամ թուլացրել է ընդդիմության բուն կարգավիճակը կամ էությունը: Ես ասել եմ, որ հավանական չեմ դիտում, որ ընդդիմությունը կարող է մեկ միասնական թեկնածուով հանդես գա, և այսօր էլ գտնում եմ, որ չի կարող մեկ միասնական թեկնածու լինել: Իսկ նրանք, ովքեր գտնում են, որ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն է և կարող է իր շուրջը հավաքել ընդդիմությանը, գուցե ինչ-որ փաստարկներ ունեն: Համենայնդեպս ես այդպես չեմ դիտում»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել է նախագահական ընտրությունների թեկնածուների վերաբերյալ «սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումները, որոնց համաձայն` հարցվածների 32.4 տոկոսը ընդդիմության միասնական թեկնածու է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 11 տոկոսը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8.7 տոկոսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, 3.4 տոկոսը` ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին, իսկ 2.5 տոկոսը` ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին:


Տեսանյութեր

Լրահոս