«Արհեստական որևէ միավորում կարող է 1+1-ը երկու չդարձնի»
168.am-ի hարցազրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
– Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին: Եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարց առաջանա, «Ժառանգությունը» կմիանա՞ այդ նախաձեռնությանը:
– Ես հետևում եմ մամուլին և չեմ տեսել, որ որևէ կուսակցություն սկզբունքորեն այդ հարցը ցանկանում է պաշտոնապես ձևակերպել: Երբ պաշտոնապես այդ հարցը ձևակերպվի, բնականաբար, մենք կքննարկենք:
– Պարոն Հակոբյան, ե՞րբ է կայանալու «Ժառանգության» վարչության նիստը, որտեղ պետք է որոշվի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու հարցը:
– Կարծում եմ՝ մինչև Ազգային ժողովի նստաշրջանի սկիզբը:
– Իսկ ընդհանրապես ինչո՞վ է պայմանավորված Ր.Հովհաննիսյանի կողմից մինչ օրս պատգամավորական մանդատը չվերցնելը:
– Պարոն Ր. Հովհաննիսյանի քաղաքական դիրքորոշումով:
– Իսկ մանդատի չվերցնելը կապվա՞ծ է Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման հետ:
– Մի քիչ էլ սպասեք, կարծում եմ` կստանաք Ձեր հարցի պատասխանը:
– «Ժառանգության» ներկայացուցիչներից Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ընդդիմության ամենախարիզմատիկ առաջնորդը, ով կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածուն, Րաֆֆի Հովհաննիսյանն է: Սակայն, եթե մյուս ընդդիմադիր ուժերը չցանկանան աջակցել նրան, հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» սատարի ընդդիմության մեկ այլ թեկնածուի:
– Գիտեք, այս հարցը բավական լուրջ հարց է, և ես մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնամ դրան: Ընդհանրապես, ինձ թվում է` շատ արհեստական մոտեցում է, որ ընդդիմությունը պետք է մեկ միասնական թեկնածուով հանդես գա, և դա՝ ոչ այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա. ոչ, դրա անհրաժեշտությունը կա, իսկապես ճիշտ և շատ ավելի արդյունավետ կլինի, որ ամբողջ ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով: Սա՝ որպես սկզբունքային մոտեցում: Բայց իրականությունն այն է, որ ընդդիմադիր դաշտում տիրող այսօրվա քաղաքական իրողությունում` անկախ մեր ցանկություններից, հնարավոր չեմ տեսնում, որ այսօր ամբողջ ընդդիմությունը կարող է մեկ միասնական թեկնածուի շուրջ համախմբվել: Եվ ԱԺ ընտրությունների ժամանակ և հատկապես՝ դրանից հետո, ընդդիմության տարբեր ուժերի կեցվածքը որոշակի անվստահություն առաջացրեց միմյանց գործելաոճի և իրական նպատակների նկատմամբ, ինչի արդյունքում, կարծում եմ, ընդդիմադիր ընտրողների մի զգալի հատված իր հայացքն ուղղեց դեպի քաղաքական կոալիցիա: Եվ այս քաղաքական իրողությունները նկատի ունենալով` կարծում եմ, մեկ միասնական թեկնածուն՝ ամբողջ ընդդիմության համար, ինչքան էլ ցանկալի է, բայց իրական չէ: Ընդդիմությունն այս պահին ավելի շատ պետք է մտածի` ինչպե՞ս անել, ինչպիսի՞ մարտավարություն որդեգրել, որպեսզի կարողանա ամբողջ ընդդիմադիր էլեկտորատը պահել իր դաշտում, և չանի այն, ինչ արեց ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իր սխալ կեցվածքի պատճառով ընդդիմադիր էլեկտորատի 15-20 տոկոսը տեղափոխվեց իշխանական դաշտ: Եվ եթե դրա համար անհրաժեշտ է երկու, երեք կամ չորս թեկնածու առաջադրել ընդդիմությունից, ուրեմն ընդդիմությունը պետք է գնա այդ քայլին, որովհետև, կրկնում եմ, այս պահին առավել կարևոր է, որ ընդդիմությունը մտածի ընդդիմադիր էլեկտորատին իր դաշտում պահելու մասին: Դրանից հետո գուցե լինեն շատ ավելի լուրջ զարգացումներ:
Այսօր յուրաքանչյուրը գեղեցիկ ձևակերպումներով խոսում է միասնական թեկնածուի մասին, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ իր թեկնածուին նկատի ունի, երբ ասում է՝ միասնական թեկնածու: Սա էլ եմ դիտում նորմալ և տրամաբանական, այլ հարց է, որ չեն հայտարարում, թե ով է իրենց նախընտրած թեկնածուն: Օրինակ, «Ժառանգությունը» հայտարարում է` մենք, որպես միասնական թեկնածու, առաջադրում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Դուք նույնպես առաջարկեք Ձեր թեկնածուին: Այդ դեպքում մենք կունենանք ընդդիմադիր թեկնածուների մի ցանկ, որտեղից կարող ենք ընտրել, թե նրանցից ով կարող է լինել միասնական թեկնածու: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր թեկնածու պետք է, բնականաբար, ներկայացնի իր ծրագրային դրույթները, հիմնական քաղաքական շեշտադրումները, և այլն: Այս դեպքում նաև ընդդիմադիր էլեկտորատի աջակցությամբ մենք կարող ենք ունենալ համեմատաբար միասնական թեկնածու: Հարցազրույցներից մեկում ասել եմ` սա այն դեպքն է, որ արհեստական որևէ միավորում կարող է 1+1-ը երկու չդարձնի, նույնիսկ կարող է 1 ամբողջից պակաս ստացվի:
– Իսկ կոնկրետ ո՞ր ընդդիմադիր ուժին նկատի ունեիք, երբ ասացիք` ընդդիմությունն իր սխալ կեցվածքով ընդդիմադիր էլեկտորատի 15-20 տոկոսին մղեց դեպի իշխանական դաշտ:
– Ես բազմիցս եմ ասել այդ մասին` այսպես կոչված, միասնական նախընտրական շտաբը, ըստ էության, իր քայլերով պաշտպանության տակ առավ կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները, ինչի արդյունքում՝ ընդդիմադիր զանգվածը, տեսնելով դա, որոշակիորեն հիասթափվեց ընդդիմությունից և միանգամից գնաց իշխանական դաշտ: Այն, ինչ կատարվեց, կարծում եմ՝ լրջագույն քաղաքական սխալ էր ընդդիմության կողմից: Ես կարծում եմ, որ դա դաս պետք է լինի ընդդիմության համար:
– Ի դեպ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նույնպես գտնում է, որ «միասնական թեկնածու» տերմինն արհեստական է և մտացածին, և կարծում է, որ ընդդիմությանը ոչ թե պետք է միասնական, այլ՝ ուժեղ թեկնածու:
– Նայած, թե ուժեղ թեկնածու ասելով` ինչ ենք հասկանում: Ոմանք ինչ-որ գեղեցիկ ձևակերպումներ են տալիս, բայց երբ խորանում ես դետալների մեջ, պարզվում է, որ ի մտո ունեցած կերպարին հակացուցված է ուժեղ և համախմբող լինելը: ԱԺ նախընտրական փուլում ասում էին` պետք է համախմբվել և պայքարել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Գեղեցիկ ձևակերպում էր, բայց արդյունքում եղավ այն, ինչ եղավ, այսինքն` միասնական շտաբը, ընդհակառակը, ինչ-որ տեղ նպաստեց ոչ ազատ և ոչ արդար ընտրությունների անցկացմանը:
Այսինքն` պետք է շատ հստակ ասվի. եթե ասում ենք՝ ուժեղ թեկնածու` ո՞ւմ ի նկատի ունենք, և, որն առավել կարևոր է, ի՞նչ մեխանիզմներ ենք նախատեսում ոչ միայն՝ գործող նախագահին, այլև՝ ամբողջ համակարգը փոխելու համար: Եթե ասում ենք՝ ուժեղ և այլընտրանքային թեկնածու, բայց նկատի ունենք մեկին, ով այս համակարգի արժեքային այբուբենի կրողն է և հեռանկարը, ապա իշխանափոխությամբ զբաղվելը հոգեմաշ և անշնորհակալ զբաղմունք է դառնում: