Այս պահին կորոնավիրուսից բուժվում է 1136 պացիենտ. Առողջապահության նախարարի տեղակալ
Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2148 դեպք. ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«977-ն առողջացած են: 33 մահվան ելք ունենք: Այս պահին բուժում է ստանում 1136 պացիենտ: Կատարվել է 22.177 թեստավորում»:
Լենա Նանուշյանը տեղեկացրեց նաև, որ ընդլայնվում են թեստավորման ենթակա խմբերը.
«Արդեն իսկ ընդլայնվել են այն ռիսկային խմբերը, որոնք, հնարավոր է, ունենան կորոնավիրուսային հիվանդություն: Թեստավորման ենթակա են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները: Լաբորատոր ցանցը ևս ընդլայնվել է, դրա շնորհիվ օրական մոտ 1000 թեստավորում ենք կարողանում իրականացնել»:
Մայիսի 4-ից թույլատրվելու է տնտեսական մի շարք ոլորտների գործունեություն: Լենա Նանուշյանը կոչ է անում շարունակել պահպանել սանիտարահիգիենիկ այն կանոնները, որոնք պարտադիր էին մինչև այժմ:
«Մի շարք ոլորտների աշխատանքի թույլատրումից հետո գործատուները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումը, կամ ապահովեն սոցիալական հեռավորությունը: Սննդի ընդմիջումներին չպետք է թողնել, որ մարդիկ կուտակումներով նույն վայրում ընդմիջում անեն: Պետք է չթույլատրել օտար մարդկանց մուտքն ու ելքը, հերթափոխների միջև շփումը»,- ասաց Նանուշյանը: