Հայաստանի համար էական նշանակություն ունեն հողային բարեփոխումները․ ԵԱՏՄ նախարար
«Հայաստանի դեպքում իմաստ ունի մտածել ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունների մասին»,- «Ինչպիսի՞ն է իրավիճակը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ոլորտում» թեմայով Մոսկվա-Երևան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած հայտարարությանը, թե ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ նաև հնարավորություններ, և հարցին, թե այս իրավիճակում բարեփոխումների ի՞նչ հնարավորություններ կան գյուղատնտեսական ոլորտում։
ԵԱՏՄ նախարարը համաձայն է՝ ճգնաժամը մի կողմից՝ բացասական է, մյուս կողմից՝ դրական։
Նա նշեց, թե լավատեղյակ է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին, ուստի ներկայիս ճգնաժամային ժամանակաշրջանը վկայում է այն մասին, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել հողային բարեփոխումներին։
«Հայաստանի համար էական նշանակություն, կարևորություն ունի հողային բարեփոխումների իրականացումը։ Որքանով ինձ է հայտնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է հողային բարեփոխումների միջոցառումների փաթեթներ՝ ինչպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ պայմաններում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացվեն, որպեսզի հողերը մտցվեն շրջանառության մեջ։ Սա շատ կարևոր է»,- ասաց Քամալյանը։
Նրա դիտարկումների համաձայն՝ խնդիրը ոչ թե արտադրելն է, այլ վաճառելը, և այս գործազրկության աճի պայմաններում, երբ պահանջարկն ընկնում է, մարդիկ պակաս վճարունակ են դառնում, ուստի, երևի թե հարկավոր են միջոցներ, որոնք կխթանեն այդ պահանջարկը, և բիզնես զարգացումն առաջ կմղվի։ Նրա խոսքով, հենց սրան պետք է ուշադրություն դարձնել:
«Հայաստանի վերաբերյալ կասեմ հետևյալը. միության բոլոր երկրներում ԱԱՀ մթերքների համար արտոնություններ կան, բացառությամբ Հայաստանի, որտեղ 20 տոկոս է ԱԱՀ-ն, ինչպես և մյուս բոլոր ապրանքները։
Իմաստ ունի մտածել ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունների մասին։ Սա քննարկման հարց է, բոլոր ռիսկերը պետք է հաշվարկել նաև»,- ասաց Քամալյանը։