«Կառավարությունն ասում է՝ տվեք ինձ պարտք վերցնելու հնարավորություն, հետո կորոշեմ՝ ինչպես ծախսեմ այդ փողերը». Արման Բաբաջանյան

Կառավարությունը ցանկանում է պետական պարտքը մեծացնելու հնարավորություն ստանալ՝ առանց հստակ ծրագրերի, կամ, այլ կերպ ասած՝ կառավարությունը մեզ ասում է՝ տվեք պարտք վերցնելու հնարավորություն, հետո ես կորոշեմ՝ ինչպես ծախսեմ այդ փողերը:

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում  խոսելով 2020 թվականի բյուջեում փոփոխություն անելու Կառավարության առաջարկի մասին, ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, շարունակելով միտքը.

«Սա շատ խոցելի է դարձնելու այդ փողերի ծախսման արդյունավետության նկատմամբ  խորհրդարանական վերահսկողությունը, մինչդեռ ճգնաժամային կառավարման ժամանակ ամեն մի լումայի ծախսման արդյունավետությունը շատ կարևոր է: Գումար ներգրավելն այլ բան է, դա արդյունավետ ծախսելը՝ այլ, մենք նախկինում տեսել ենք, թե ինչ գումարներ են բերվել երկիր՝ դարձյալ ճգնաժամային իրավիճակներում, և ինչպես են մսխվել»:

Ըստ պատգամավորի՝ լայն իմաստով՝ կառավարությունը զրկում է Ազգային ժողովին ծախսերի արդյունավետության վերահսկողության մեխանիզմից:

Ըստ պատգամավորի՝ կառավարությունը պետք է դիտարկի նաև ստեղծված իրավիճակում խոշոր սեփականատերերի միջոցների օգտագործման հնարավորությունը:

«Քաղաքակիրթ երկրներում խոշոր գործարարներն անում են ամեն ինչ իրենց երկրիների համար, մենք՝ որպես երիտասարդ պետություն, նման ավանդույթ չունենք, և մեզ մոտ բիզնեսը չի ցուցաբերում  սոցիալական պատասխանատվության անհրաժեշտ մակարդակ»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ պետությունը պետք է մտածի, թե ինչպես ներգրավի խոշոր բիզնեսին այս կամ այն ծրագրերում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս