Բաժիններ՝

Նոբելյան մրցանակակիրները գալու են Երևան

«Գիտությունն առաջին ձեռքից» դասախոսությունների շարքի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Երևան է հրավիրել երկու անվանի գիտնականներ, ֆիզիոլոգիա ու բժշկություն անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր` ասպետ Թիմաթի Հանթին և քիմիա անվանակարգում` Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆիին:

Նոյեմբերի 4-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ: Նույն օրը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» աջակցությամբ տեղի կունենա «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ:

Թիմաթի Հանթի դասախոսության թեման է քաղցկեղի հիմնախնդիրը:
Տեղեկացնենք, որ Թիմաթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.-ին, բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների` ցիկլինների բացահայտման համար: Ի դեպ նա 100-րդ Նոբելյան մրցանակակիրն է: Հանթը նաև աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Թագավորական գիտական ընկերության (ԹԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԹԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:

Մարտին Չալֆի դասախոսության թեման է՝ Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուց. լուսավորելով կյանքը:
Նշենք, որ Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաժնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 4-ին, Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում: Դասախոսությունները լինելու են անգլերեն լեզվով (որոշ մասնակիցներ համար նախատեսված է թարգմանություն): Դասախոսությունների եւ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը, մանրամասները «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս