Բաժիններ՝

10.000 դրամ/օրը՝ սենյակի միջին արժեք, և 4000 դրամ՝ օրական երեքանգամյա սննդի համար. մանրամասներ մեկուսացման պայմաններից

Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած ճգնաժամերի հակազդման, հետևանքների վերացման, ինչպես նաև կորոնավիրուսային վարակակիրների հետ շփված անձանց  մեկուսացնելու և նրանց համար սնունդ ապահովելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ֆեյսբուքյան  պաշտոնական էջում սննդի մատակարարներ հավաքագրելու  հայտարարություն է տարածել և  2020 թվականի ապրիլի 16-ի դրությամբ հայտ է ներկայացրել, և սննդի մատակարարման պատրաստակամություն է  հայտնել  63 կազմակերպություն. 22-ը՝ ՀՀ մարզերից (Արագածոտնի մարզ՝ 2 կազմակերպություն, Արմավիրի մարզ՝ 2 կազմակերպություն, Գեղարքունիքի մարզ՝ 4 կազմակերպություն, Լոռու մարզ՝ 3 կազմակերպություն, Կոտայքի մարզ՝ 5 կազմակերպություն, Սյունիքի մարզ՝ 3 կազմակերպություն, Վայոց Ձորի մարզ՝ 1 կազմակերպություն, Տավուշի մարզ՝ 2 կազմակերպություն) և 41 կազմակերպություն Երևանից:

168.am-ի ապրիլի 18-ին փոխանցված հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից:

Սննդի մատակարարման պատրաստակամություն հայտնած կազմակերպություններից այս փուլում 10 ընկերության հետ  է Զբոսաշրջության կոմիտեն պայմանավորվածություն ձեռք բերել: Դրանք են «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ն, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն, «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն, «Էրիզ» ՍՊԸ-ն, «Թուֆենյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ն, «Արիես Լանչ» ՍՊԸ-ն, Արայիկ Աբրահամյան ԱՁ-ն, «ԵՆՅԱՆ» ՍՊԸ-ն, «ՖԵՐԱԿՕ» ՍՊԸ-ն, «ԱՍԱԴՈՐ» ՍՊԸ-ն:

Զբոսաշրջանության կոմիտեի՝ մեզ փոխանցված պատասխանում նշված է նաև, որ վերը թվարկված  կազմակերպությունները սննդի ծառայություն են մատուցում 23 հյուրանոցային տնտեսության օբյեկտների և 10 բժշկական կենտրոնների: Կազմակերպությունների  առաջարկած երեքանգամյա սննդի մատակարարման միջին արժեքը, տեղեկության համաձայն, օրական մեկ անձի հաշվարկով 4000 դրամ է:

Զնոսաշրջության կոմիտեի փոխանցմամբ՝ կազմակերպության ընտրության հարցում հիմք են ընդունել

  • Կազմակերպության՝ մեծաքանակ առաքման, սննդի պատրաստման և մատակարարման հնարավորությունը,
  • Կազմակերպության ներկայացրած ճաշացանկը և գնառաջարկը,
  • Կազմակերպության գտնվելու վայրը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և բժշկական հաստատություններ սնունդն արագ և ժամանակին հասցնելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է հյուրանոցային ծառայություններին, ապա, մեզ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացրել են, որ նման պատրաստակամություն է հայտնել 78 հյուրանոցային տնտեսության օբյեկտ (ՀՏՕ), որոնցից`

  • 40-ը՝ մարզերում (Արարատի մարզ՝ 2 ՀՏՕ, Արմավիրի մարզ՝ 2 ՀՏՕ, Գեղարքունիքի մարզ՝ 4 ՀՏՕ, Լոռու մարզ՝ 1 ՀՏՕ, Կոտայքի մարզ՝ 12 ՀՏՕ, Շիրակի մարզ՝ 2 ՀՏՕ, Սյունիքի մարզ՝ 5 ՀՏՕ, Վայոց Ձորի մարզ՝ 1 ՀՏՕ, Տավուշի մարզ՝ 11ՀՏՕ)
  • 38-ը՝ Երևանում:

Հայտ ներկայացրած ՀՏՕ-ներից 19-ի հետ կոմիտեն համագործակցություն է սկսել: Դրան զուգահեռ՝ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն  քայլեր է ձեռնարկել նաև հայտ չներկայացրած, սակայն «ստեղծված իրավիճակում նախընտրելի ՀՏՕ-ներին ևս ներգրավելու ուղղությամբ»:

Զբոսաշրջության կոմիտեի փոխանցմամբ՝ որոշ հյուրանոցներ անվճար ծառայություն մատուցելու պատրաստակամություն են հայտնել: Մնացած բոլոր ՀՏՕ-ներն առաջարկել են հյուրանոցային համարների սովորական արժեքից անհամեմատ ցածր գին: Արդյունքում՝ այս պահին քաղաքացիների մեկուսացումն ապահովում է 33 ՀՏՕ, որոնցից  26-ի հետ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն  համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել: Հյուրանոցների հետ պայմանագրերի կնքման գործընթացն ավարտման փուլում է:

Հյուրանոցների մեկ համարի միջին արժեքը կազմում է 10.000 ՀՀ դրամ/օրը՝ անկախ համարում մեկուսացած անձանց քանակից:

«ՀՏՕ-ներն ընտրվել են հետևյալ գործոններով՝ ՀՏՕ-ների համարների քանակով, ՀՏՕ-ների գտնվելու վայրով՝ հաշվի առնելով մեկուսացման գոտիների կենտրոնացվածությունը և բուժսպասարկման լոգիստիկ հնարավորությունը, ինչպես նաև ՀՏՕ-ներում նվազագույն պայմանների առկայությամբ՝ ջրամատակարարում, ջեռուցում, հյուրանոցային համարների կահավորում, յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն, ՀՏՕ-ների ներկայացրած գնառաջարկ, հրատապ տեղաբաշխելու անհրաժեշտությամբ ապահովված ՀՏՕ գործարկելու արագություն»,- հայտնել են զբոսարջության կոմիտեից:

ՀՏՕ-ների և սննդի մատակարարման կազմակերպությունների ընտրությունը, ըստ կոմիտեի, շարունակական բնույթ է կրում՝ կախված պահանջարկից և վերոգրյալ ծրագրի շրջանակներում սննդի մատակարարման պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունից:

Կան հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք իրենք են ապահովում իրենց մոտ մեկուսացված քաղաքացիների սնունդը: Այդպիսի  11 ՀՏՕ կա, որից 7-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում: Զբոսաշրջության կոմիտեի փոխանցմամբ՝ որոշ ՀՏՕ-ներ հրաժարվել են սեփական միջոցներով սննդի ծառայություն մատուցել՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել պետության առաջարկած մատակարարների հետ:

Հարցմամբ խնդրել էինք նաև տրամադրել տեղեկություն, թե ո՞ր հյուրանոցները/հյուրանոցային համալիրներն են տրամադրել իրենց սենյակները քաղաքացիների մեկուսացումն ապահովելու համար: Մեզ փոխանցված պատասխանում մասնավորապես նշված է.

«Ի պատասխան Ձեր՝ կացարաններ տրամադրած ընկերությունների անունները ներկայացնելու հարցմանը, հայտնում ենք, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և հիմք ընդունելով «Տեղեկատվական ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերը՝ որպես կացարան ծառայող ՀՏՕ-ներում բնականոն աշխատանքն ապահովելու, մեկուսացված քաղաքացիների, գործընթացում ներգրավված անձանց անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը պաշտպանելու և անվտանգության և այլ նկատառումներով պայմանավորված, ընկերությունների անունները ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից տրամադրվել չեն կարող»:

Նշենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցներին, ինչպես գրված է  է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում, արդեն մեկ ամիս է՝ իր սենյակներն է տրամադրել «Հոլիդեյ ին իքսփրես Երևան» հյուրանոցը:

Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին սենյակներ է տրամադրել «Վալենսիա» հյուրանոցը: Մեկուսացված քաղաքացիներ կան «Արմենիա Մարիոթ», «Իմպերիալ»,  «Փարիզ», «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցներում: Հայտնի է  նաև, որ քաղաքացիներ կան մեկուսացված նաև  Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս