Բաժիններ՝

Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին. 1lurer.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Լուրերի» հարցին ի պատասխամ անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաև գործընկերության համատեքստում հիշատակել «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը:

«Կանդրադառնամ մի քանի կարևոր մտքերի: Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում:

Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ:

Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ Հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ:

Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս