«Կոմունալ ծառայությունների չկատարման ֆորս-մաժորի պատճառը ոչ թե վճարման համակարգերի հասանելիության հարցն է, այլ մարդկանց՝ գրպաններում ունեցած միջոցների անբավարարությունը». Դավիթ Խաժակյան
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը, մասնավորապես՝ առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով: Հետևաբար, ըստ ՀԿԾՀ-ի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած»,- նշված էր ՀԿԾՀ հաղորդագրության մեջ։
168.am-ը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը` արդյո՞ք վերացել է ֆորս-մաժորը, երբ դեռ երկրում արտակարգ դրության ռեժիմը չի վերացել, փակ են բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ, մարդիկ չեն աշխատում նախկինի պես:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ ՀԾԿՀ հաղորդագրությունն է՛լ ավելի է ծանրացնելու մեր այն հայրենակիցների վիճակը, ովքեր արտակարգ դրության բերումով կորցրել են իրենց աշխատանքը՝ զրկվելով եկամտի աղբյուրներից։
«Ակնհայտ է, որ կոմունալ ծառայությունների չկատարման ֆորս-մաժորի պատճառը ոչ թե վճարման համակարգերի հասանելիության հարցն է, այլ մարդկանց՝ գրպաններում ունեցած միջոցների անբավարարությունը։ ՀԾԿՀ-ն պնդում է, որ պարետի կողմից մի շարք սահմանափակումներ վերացվել են, իսկ կառավարությունը մեղմել է սոցիալական խնդիրները։ Նախ՝ սահմանափակումների փոքր ծավալն է վերացված, և այն էլ՝ դա նոր է տեղի ունեցել, այսինքն` մարդիկ դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Երկրորդ՝ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի օրինակով սահմանափակումը հանելու խոստումը այդպես էլ չի կատարվել, ուստի ՀԾԿՀ առաջին պնդումը խարխուլ է»,- նկատեց Դավիթ Խաժակյանը։
Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության միջոցառումներին, ապա վերջինս նշում է` պետք է ասել, որ քանի կարիքավոր օգտվել է այդ ծրագրերից, բազմապատիկ ավելի չեն օգտվել՝ ելնելով այդ ծրագրերի մի շարք սահմանափակումներից։
«Գուցե լավ է հնչում, որ կա հայտարարված 14 միջոցառում, բայց շահառուների թիվը շարունակում է մնալ փոքր։ Ստացվում է, որ փոխանակ ՀԾԿՀ-ն հիմնավորեր ֆորս-մաժորի առկայությունը և այդ վեճը չթողներ մատակարարի և քաղաքացու միջև, արել է ճիշտ հակառակը՝ հայտարարելով, որ ըստ իրենց` ֆորս-մաժորը համարվում է վերացած։ Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում կառավարությունն այս հայտարարության վերաբերյալ»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը: