«Այս պահին Մանվել Գրիգորյանը վերակենդանացման սարքավորումներով գտնվում է 24-ժամյա հսկողության տակ, և նրա վիճակը գնահատվում է ծանր». Փաստաբան

«Կորոնավիրուսի հետ կապված՝ Մանվել Գրիգորյանի հետ բացառապես շփվում են խնամակալները. այնքանով, որքանով հիվանդն անդամալույծ է և չի կարողանում տեղաշարժվել, նրա հետ շփվում են նաև մերձավոր հարազատները: Փաստաբանները շփվում են հեռակա կարգով՝ հեռախոսով և կապի այլ միջոցներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մ. Գրիգորյանի առողջական վիճակին:

Ըստ փաստաբանի, օրեր առաջ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել էր՝ կապված շնչառության հետ, պահանջվել են բժշկական որոշակի միջամտություններ՝ դեղորայքային և այլն:

«Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատվում է ընդամենը ծանր, ինչո՞ւ, որովհետև վերջին էպիկրիզով փաստվեց այն հանգամանքը, որ  հիվանդի մոտ, թեպետ նա տևական ժամանակ բուժվեց լավագույն  հիվանդանոցներում, լավագույն դեղամիջոցներով, սակայն նրա հիվանդությունները ոչ միայն չբուժվեցին, այլև ավելացան ու ծանրացան, որից հետո էպիկրիզով գրանցվեց բացասական դինամիկա: Այդ ընթացքում բուժող բժիշկը փաստեց, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ նման համալիր հիվանդություններով նորմալ բուժում իրականացնել: Նա նաև փաստեց, որ իմ պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում, նա այդ վիճակում կարող է մահանալ, և այլևս հնարավոր չէ նրա բուժումը Հայաստանում իրականացնել, ուստի պետք է տեղափոխվի և բուժումն անցկացվի արտերկրում: Մենք Մանվել Գրիգորյանի հիվանդության պատմությունն ուղարկեցինք արտերկրի այն հիվանդանոց, որտեղ ժամանակին բուժում էր ստացել և վիրահատվել էր: Ծանոթանալով հիվանդության պատմությանը, նաև հաշվի չառնելով, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակ է, այնտեղից արագ արձագանքեցին և հորդորեցին իմ պաշտպանյալին տեղափոխել իրենց կլինիկա: Մենք այս բոլոր թղթերը ներկայացրեցինք Առողջապահության նախարարին, որպեսզի որոշում կայացնի: Ավելին՝ պաշտպանական կողմը կոչ արեց, որ, եթե ունեն ցանկություն, ապա կարող են նոր կոնսիլիում հրավիրել, քանի որ նման հիվանդությունների առկայությամբ այլևս հնարավոր չէ, որպեսզի անձը մնա Հայաստանում»,- շեշտեց նա:

Ըստ փաստաբանի, իրենց դիմելուց հետո Առողջապահության նախարարն ասել է, որ Գրիգորյանի գործը գտնվում է դատարանում, ուստի պետք է դիմեն դատարան:

Լևոն Բաղդասարյանի բնորոշմամբ՝ ըստ էության ընտրովի առողջապահական գործառույթ իրականացվեց Առողջապահության նախարարի կողմից, քանի որ կապ չունի անձի կարգավիճակը, թե նա որտեղ է՝ կալանքի տա՞կ է, թե՞ նրա գործը գտվում է դատարանում:

«Առողջապահության նախարարն ուներ պոզիտիվ պարտավորություն որոշում կայացնելու: Ինչևէ, հետո մենք միջնորդությամբ դիմեցինք դատարանին, որպեսզի դատարանը ինչ-որ բան անի, դատական իշխանությունն էլ փաստորեն փաստեց, որ չի զբաղվում առողջապահության հարցերով, դրանով պետք է զբաղվի Առողջապահության նախարարը:

Արդյունքում՝ ունեցանք հետևյալ պատկերը՝ պետական լիազոր մարմինը, ի դեմս Առողջապահության նախարարության, անգործությամբ զբաղվեց և իր պարտավորությունը չկատարեց, իսկ դատական իշխանությունը չեզոք դիրք գրավեց, և սա տիպիկ դասական խոշտանգման օրինակ է՝ տվյալ անձի հետ կապված»,- հավելեց նա:

Փաստաբանը նաև տեղեկացրեց. «Այս պահին Մանվել Գրիգորյանը վերակենդանացման սարքավորումներով գտնվում է 24-ժամյա հսկողության տակ, և նրա վիճակը գնահատվում է ծանր:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին առնչվող դատական գործին, Լևոն Բաղդասարյանը նշեց, որ գործի հետ կապված որևէ նորություն չկա, քանի որ Մ. Գրիգորյանն ունի հիվանդություն և գտնվում է այնպիսի վիճակում, որ հնարավոր չէ, որ մասնակցի դատական գործընթացներին:

«Հիմա դրա համար ասում ենք, որ Գրիգորյանը տևական ժամանակ նման կերպ բուժվեց, սակայն արդյունք չեղավ, անրաժեշտ է ուղարկել արտերկիր հնարավորինս առողջությունը վերականգնելու համար, որպեսզի  արժանապատիվ գա ու մասնակցի դատական գործընթացին: Ըստ էության, այս պահին դատական իշխանությունն իր պատասխանատվությունից հեռացնում ու ասում է, թե Առողջապահության նախարարության հարցերին չի խառնվում, իսկ Առողջապահության նախարարն էլ ասում է, թե ընտրովի առողջապահություն է իրականացնում, ուստի պետք է դիմել դատարանին»,- եզրափակեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս