Տոն, որը երբեք մեզ հետ չէ

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 21-րդ տարեդարձը, ինչի առիթով արդեն իսկ հնչել ու հնչելու են բազմաթիվ ուղերձներ, շնորհավորական հայտարարություններ: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս իշխանական գործիչների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթները լինելու են ավելի պաթետիկ ու ավելի ճոռոմ: Այսօր նաև Անկախության տոնի առթիվ բավական ճոխ միջոցառումներ են կազմակերպվելու, վերջում, ինչպես միշտ, լինելու է նույնքան ճոխ հրավառություն: Այդ ամենն, իհարկե, լավ է, իր մեջ դրական լիցքեր է պարունակում:

Սակայն տարեցտարի Անկախության տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումները ձևի ու բովանդակության տեսանկյունից ունեն շատ տխուր խորհրդանշականություն: Որքան ավելանում են Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող իրական վտանգներն ու մարտահրավերները, այնքան այդ միջոցառումները դառնում են ավելի ճոխ: Ու երբեմն շատ դառը տպավորություն է ստեղծվում, որ կամաց-կամաց Անկախության տարեդարձը դառնում է տարելից, քանի որ աստիճանաբար անկախության բովանդակությունը կարծես լցվում է ձևով:
Ասվածի վկայությունները, ցավոք, բավական շատ են: Այսօրվա Հայաստանի իշխանական ու քաղաքական համակարգը, քաղաքական օրակարգն ընդհանուր հավաքական մարտահրավեր են անկախությանն ու ինքնիշխանությանը: Երբևէ, որևէ ընտրությունից առաջ ու հետո Հայաստանում արտաքին գործոնների ու ուժերի ներգրավվածության, ազդեցությունների մասին այնքան շատ չի խոսվել, որքան անցած խորհրդարանական ընտրություններից հետո ու սպասվող նախագահական ընտրություններից առաջ: Երբևէ Հայաստանում այնքան շատ չեն եղել իշխանական ու ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք ներքաղաքական կյանքում հաջողությունների հասնելու համար պատրաստ են զոհաբերել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Ու, դժբախտաբար, այդ հարցում իշխանական ու ընդդիմադիր ուժերի միջև կա աննախադեպ միասնություն: Հայաստանում, լայն իմաստով, չկա որևէ ուժ, որը կհակակշռեր, ասենք, իշխանության օտարամոլությունը, քանի որ օտարամոլության հաշվին գոյատևում են գրեթե բոլորը: Միայն Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին քննարկումները դրա լավագույն ապացույցն են: Իշխանությունը` ի դեմս ՀՀԿ-ի, դեռևս «խաղում է եվրասիական լարի» վրա, իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն ուղղակի պատրաստ է դառնալ Հայաստանի «եվրասիական պլացդարմը», նույնը` ավելի կամ պակաս չափով պատրաստ է անել ՀԱԿ-ը: Դրան առերևույթ դեմ արտահայտվողները, ասենք՝ «Ժառանգությունը» կամ «Ազատ դեմոկրատները», ընդդիմանում են այնքան մակերեսորեն, որ թողնում են «կախվածության» նույն տպավորությունը, սակայն՝ հակառակ բևեռից: Եվ, ընդհանրապես, ռուսամետներ-արևմտամետներ հակադրությունը, որը դարձել է ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի ուժը, խոսում է Հայաստանի անկախության մակարդակի նվազման, ինքնիշխանության կորստի վտանգի մասին: Երբ քաղաքական օրակարգում «դրսի ուժերի պրոտեկտորատը»  ոչ միայն չի մերժվում, այլև  համարվում է հաղթաթուղթ, որը տնօրինողներից ցանկացածի հաղթանակի դեպքում անկախությունը տանուլ է տրվում:
Դժբախտաբար, բայց, թերևս, նաև օբյեկտիվորեն, անկախության նկատմամբ նույն վերաբերմունքն առկա է նաև հասարակության բավական շոշափելի հատվածի մոտ: Երբ իշխանությունն ու ընդդիմությունը, քաղաքական էլիտան իրենց թույլ են տալիս տարիներ շարունակ իրենց գործողություններով վիճարկել անկախությունը, հասարակությունը սկսում է մտածել անկախության այլընտրանքի մասին: Ու, ինչպես իշխանությունն է սեպտեմբերի 21-ին վերաբերվում միայն՝ որպես դատարկ ուղերձներ հղելու հերթական առիթ, այնպես էլ հասարակության համար դա դառնում է ընդամենը հերթական ոչ աշխատանքային օր, որի ընթացքում նաև տոնական համերգներ ու հրավառություններ են լինում:

 

Տեսանյութեր

Լրահոս